1in.am-ը գրում է.
Սիրիայի զորքերը հետ են մղել գրոհայինների հակահարձակումը Դամասկոսի հարավային մատույցների մոտ: Ավիացիայի և ծանր զինամթերքի կիրառմամբ դաժան մարտերից հետո, որոնք տևել են 72 ժամ, հակառակորդը նահանջել է Էլ-Ութեյբա ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքից:
Ինչպես հաղորդում է «Ալ-Վատան» լրատվական ծառայությունը, Սիրիայի բանակը ոչնչացրել է նաև հանցախումբ, որը փորձել է Սիրիա ներխուժել Հորդանանի սահմանով: Սպանվել է 115 ահաբեկիչ, որոնց մեծ մասն արտասահմանցի վարձկաններ են:
Բանակային ստորաբաժանումները շարունակում են մաքրել Քալամուն լեռնային տեղանքը, որը տեղակայված է Դամասկոսից 80 կմ հեռավորության վրա: Դամասկոս-Հոմս մայրուղին ժամանակավորապես փակ է, ինչի հետևանքով մայրաքաղաքում նավթամթերքի խիստ պակաս կա: Իշխանությունները խոստանում են մոտակա օրերս լուծել այդ խնդիրը:
Երկրի հյուսիսում՝ Հապելում, զինվորականները գրոհայիններին թույլ չեն տվել գրավել Խանասիր քաղաքը:
Սիրիացի ռազմական փորձագետ Սելիմ Հարբան ենթադրում է, որ զինված ընդդիմությունը, որը վերջին օրերին կտրուկ ակտիվացել է Դամասկոսի և Հալեպի մատույցներում, կփորձի հօգուտ իրեն փոխել իրավիճակը՝ մինչև Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովը (հունվարի 22), ինչը փորձագետի կարծիքով՝ բարդ խնդիր է: