Ես, իմ հայրենիք, քո տունկն եմ,
Որ քայլել ու խոսել սովորեց քո ծոցում,
Ես, իմ հայրենիք, մեկն եմ,
Որ պարտավոր է քեզ գոնե մի երգ ձոնել,
Չգորովագութ, նորաոճ, շնորհալի տերմիններով օծել քեզ,

ինձ ձանձրացրել է քո խղճուկ կերպարը՝
կերտված տարիների, դարերի ընթացքում,
որ անմասն չմնաց նաև ինձ տառապեցնելուց…
Աշակերտական նստարանին քանի անգամ հեծեծացի քո բախտը,
քանի անգամ կանգնեցի բեմում ու արտասվախեղդ բղավեցի՝
իմ հայրենիք, քո ոխերիմ թշնամիները…

Օ՜, ինչ այլանդակն էի,
ես՝ փոքրիկ մանուկ,
բառերը դեռ նոր-նոր բիբերիս մեջ թռվռում,
իսկ իմ մեջ վխտում էին օձակերտ զգացմունքներ,
ինձ հասցրել էին փչացնել, իմ հայրենիք:

Ես երկար կարող եմ գովել քեզ,
գրել, որ վատն են մանկապարտեզներդ,
որ վատն են դպրոցներդ,
որ դասատուներդ աշակերտ դաստիարակել-կրթել չգիտեն,
որ ծաղկեփնջերն ու շոկոլադներն են
լավագույն դեպքում մեդալները,
որ բուհերը նոր-նոր թարմացնել են սկսել
ուսանողներին տրվող գիտելիքները…

Որ ես երկար կարող եմ քեզ գովել,
դու հասկացար արդեն:
Դու ամենաներողամիտն ես,
դու ամենալավն ես,
դու ինձ սիրում ես,
ես քո ծոցում սովորեցի բլբլալ հայերենով,
ներեցիր չարաճճիություններս բոլոր:
Դու սփռում ես կարոտներ,
ունես բազում լեռներ ու լիճ ունես,
բայց գիտես, իմ հայրենիք,
հեռուստաէկրանով հաճախ եմ ընկնում այլ երկրներ,
այսպես, իմ հայրենիք,
անգամ ջահելների մեջ ջոկողություն ես դնում,
ու էլի միայն հատուկենտերն են ճամփորդում,
էն էլ՝ երևի հանուն հավեսի,
կամ էլ՝ լավագույն դեպքում
այլ երկրներ են գնում
որպես էժան աշխատուժ,
ամերիկացիների աչքը լույս, իմ հայրենիք, քեզ ինչ…

Մի անգամ էլ հեռուստացույցով տեսա,
որ Շոտլանդիայում էլ լճեր ու լեռներ կան,
անգամ անտառներ,
շատ նման մերին,մերից էլ սիրուն,
ինչքան դղյակներ,
ու նրանք էլ ունեն պատմություն ,
ունեն Սասունցի Դավիթ,
բայց կոտորած, չէ, կարծեմ, չեն ունեցել,
միայն մենք, հրեաները,
հույները, ասորիները…

Դու, իմ հայրենիք, փաստորեն նաև
բազում սիրային խոստովանություն ես,
ես փաստորեն սիրվելու համար եմ,
փաստորեն գրականության համար չեմ,
փաստորեն այն դաժան է, նյարդային,
բայց դու լա՞վ ես ճանաչում քո հպատակներին:
Բայց ընկերներ ունենալը վա՞տ է,
բայց նրանց կորցնելը՝ կորու՞ստ,
ինչու բաժակումս մուկ չէր ընկել, իմ հայրենիք,
ինչու երազում միայն աստվածների հյուր գնացի,
ինչու ինձ ողջունեցին
Աֆրոդիտեն, Կլեոպատրան,
Մարոն, Անուշը, Գայանեն…

Ես քեզ չեմ մեղադրում, ոչ.
ով եմ դրա համար,
նոր-նոր սկսել եմ հասկանալ քեզ,
քանզի իմ հայրենիքը միշտ ես եմ եղել,
ու ես՝ ազատ, զգոն, խելացի, գեղեցիկ, անձնուրաց…
Դարձար ընտանիքս,
Կյանիքս քսաներերքերորդ տարեդարձին միայն՝
Արարատյան դաշտավայրը՝
Տոթ, կիզիչ, անօդ, քաղցր,
մոծակաշատ, վերնիսաժ…
հետո ձգվեցիր քո լերկ լեռներով,
սեգ սարերով,
խոր ձորերով,
ու ավելի ուշ միայն՝
մայրաքաղաք Երևանով:

Ու ոչինչ, իմ հայրենիք,
Որ սփյուռքում շատերը պետական լեզուն
խառնում են քո անաղարտ լեզվի հետ,
ոչինչ, որ ամեն ինչ քո ուզածով չէ,
անուշ իմ հայրենիք:

Չէ, իմ հայրենիք, դու միայն հասարակ անուն չես,
դու երկու գործողությամբ ներկայացում չես,
ու հիմա էլ անտրակտ չի,
դու միայն արտահանվող ծիրան,
կոնյակ ու գարեջուր չես,
դու լավ թխված լավաշ ու մատղաշ քուռակ չես,
դու ավելին ես, իմ հայրենիք,
դու միայն թանգարանը չես բաց երկնքի տակ,
դու միայն Արարատ ֆիլմը չես,
Սուսերով պարը չես,
զբոսաշրջության կենտրոնը չես,
դու ավելին ես, իմ հայրենիք,
դու միայն եռագույն դրոշ մեր ազատությանը չես,
մեր հազարագանձ հայոց լեզուն էլ չես,
դու ավելին ես, իմ հայրենիք,
միշտ ավելին…

Հավերժ քո ոխերիմ բարեկամ՝
Անահիտ Հայրապետյան

«Թաբու» 2005

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել