Ամիսներն ու օրերը հավերժության ճամփաներ են, իրար հաջորդող տարիները՝ նույնպես: Նրանք, ովքեր ամբողջ կյանքում նավարկում են ծովերով, և նրանք, ովքեր ծերության հետ հանդիպման են գնում ձիու վրա նստած՝ օրերի միջով ճամփորդում են դեպի հանգրվան: Ու հաճախ ճամփորդությունների ժամանակ էլ մարդիկ մեռնում են: Մինչ այս, ես էլ եմ եղել այդպիսին. հիացել եմ ամպ ու զամպով ու ճամփորդելիս էլ մտքեր գրի չեմ առել:
Երբ ես Սենդձյուի մոտակայքում իջա նավակից, իմ հոգու մտքերը թափառում էին հազարավոր մղոններ անդին, տարուբերվում ու վերստին դառնում ինձ մոտ՝ ստիպելով արցունք թափել այս մահկանացու աշխարհի ոգեղենի խաչմերուկից բաժանվելիս:
Հեռանում է գարունը.
Արտասվում են թռչունները, ձկան աչքերում արցունքներ են…
Իսկ ետևում մնացած ճանապարհին թողած իմ ոտնահետքերը հնարավոր է ինձ են նայում այնքան ժամանակ, քանի դեռ ես երևում եմ:
Վճռականությունն ու շիտակությունը բնորոշ են կատարելության ձգտող ճշմարիտ մարդուն, ու առաջին հերթին հոգու մաքրությունն է արժանի ակնածանքի:
Որքան փառահեղ են
Արևի շողերից փայլփլում
Տերևները նորելուկ ու կանաչ:
Կուրակամի լեռները, Սև մազերի լեռները պատված են թեթևակի մառախուղով, բայց մեկ է, ձյունը պսպղում է մշուշի միջից:
Ածիլել է գլուխը
Սև ծամեր ունեցող լեռը
Ու փոխել հագուստը:
Թեև երկար ճանապարհներից ես հոգնել եմ հոգով ու մարմնով, բայց մեկ է, ճամփորդելիս իմ հոգին լցվել է:
Եվ դու, սկիզբ
Կատարյալի: Ահա հյուսիսը,
Ու երգը դաշտի: