1in.am-ը գրում է.
Վաշինգտոնն ու Թել Ավիվը մոտ օրերս կքննարկեն իրանական խաղաղ ատոմի հարցը: «Վեցյակի» և Իրանի միջև Ժնևում ձեռք բերված նախնական համաձայնագիրը Սպիտակ տանն ընդունել են ոգևորությամբ, իսկ Իսրայելն այն անվանել է պատմական սխալ: Այս մասին փոխանցում է Vesti-ն:
Ինչպես հայտնի է դարձել, մոտ ժամանակներս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պատրաստվում է այցելել Իսրայել: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա նոյեմբերի 28-ից հետո՝ հայտնել են գերատեսչությունում:
«Մենք դեռ աշխատում ենք ծրագրի վերջնական մանրամասների վրա»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին՝ նշելով, որ պետքարտուղարը ցանկանում է այնտեղ ուղևորվել Գոհաբանության տոնից անմիջապես հետո:
Բացի այդ, դեկտեմբերի սկզբին ԱՄՆ կայցելի իսրայելական պատվիրակությունը՝ ազգային անվտանգության հարցերով վարչապետի խորհրդական Յոսի Քոենի գլխավորությամբ՝ քննարկելու Իրանի ու «վեցյակի» միջև առաջիկայում հաստատվելիք մշտական համաձայնագրի պայմանները:
Իսրայելցիներից բացի՝ Քերին զրույց կունենա նաև որոշ ամերիկացի քաղաքական գործիչների հետ, ովքեր հրաժարվում են հավատալ Իրանի բարի կամքին և պնդում են նոր պատժամիջոցների սահմանման անհրաժեշտությունը: