Կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրԵս տարիներու աշխատանքով շինել եմ իմ ուղեգիծը, ուրկե ընթացել եմ մինչեւ ցարդ եւ պիտի ընթանամ ասկե ետք ալ, որքան ատեն որ ուժ կա երակներուս մեջ, ո՜չ մեկ խոչընդոտ չի կրնար կասեցնել զիս իմ առաքելությանց մեջ, որուն նվիրականությանը համոզված եմ ես բոլոր սրտով:
ԿՈՄԻՏԱՍ (Ազատամարտ, 13 հուլիսի 1914)
Ծնվել է 1869թ. սեպտեմբերի 26-ին Քյոթահիայում (Թուրքիա): 1881թ. որբացած պատանուն բերել են Էջմիածին եւ ուսման տվել Գեւորգյան ճեմարանում, ուր գեղեցիկ ձայնի եւ երաժշտական փայլուն ունակությունների համար հատուկ ուշադրության է արժանացել: Վաղ հասակում հիմնովին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգեւոր երաժշտությունը, սկսել է ժողովրդական երգեր հավաքել եւ ինքնուրույն ստեղծագործելու փորձեր կատարել:
Ավարտելով ճեմարանը՝ 1893թ. նշանակվել է երաժշտության ուսուցիչ եւ Մայր տաճարում խմբավար: 1895 թ. ստացել է վարդապետական աստիճան եւ կոչվել Կոմիտաս: 1896-1899թթ. ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում (հովանավոր՝ Ա. Մանթաշյան) եւ համալսարանում, մշակել ձայնը, սովորել նվագել դաշնամուր եւ երգեհոն: Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից է, որի հավաքներում ներկայացրել է զեկուցումներ, ժողովրդական երգերի մշակումներ:
1899-ից Էջմիածնում շարունակել է գիտական ստեղծագործական եւ մանկավարժական աշխատանքը: Ճեմարանի խմբով համերգներ է տվել Էջմիածնում, Երեւանում, Թբիլիսիում, Բաքվում:
1906թ. Ֆրանսիայի «Լամուր» ընկերության երգչախմբով հայկական ժողովրդական եւ հոգեւոր երգերի իր մշակումները մեծ հաջողությամբ ներկայացրել է Փարիզում: Համերգներ է տվել եվրոպական այլ քաղաքներում:
1910թ. տեղափոխվել է Կ. Պոլիս, կազմել երաժշտախումբ, համերգներ տվել Եգիպտոսում եւ այլուր: 1915թ. ապրիլի 2-ին եւ 3-ին բացառիկ համերգներ է տվել Ստամբուլի «Թուրք օջախ» մշակութային կենտրոնում, հրավերով դասախոսություններ է կարդացել, մեներգել է եւ իր երգչախմբով կատարել իր իսկ ստեղծագործությունները:
Նույն 1915թ. ապրիլի 24-ին թուրքական կառավարության կազմակերպած հայկական կոտորածն ընդհատեց Կոմիտասի բեղմնավոր գործունեությունը:
Սպիրիդոն Մելիքյանը 1933 թվականին գրել է.
«Նա առաջինն էր, որ ցույց տվեց, թե մենք եւս ունենք մեր ինքնուրույն հայկական աշխարհիկ երաժշտությունը: Նա առաջինն էր, որ ստեղծեց ժողովրդական բազմաձայն երգերի մի աննման սերիա, որն աստիճանաբար վռնդեց հրապարակից ու էստրադայից «ազգային» անբովանդակ սուրրոգատ երգերը: Վերջապես նա առաջինն էր, որ ստեղծեց մեզ մոտ երաժշտական շկոլա... եւ հիմք դրեց հայ ժողովրդական երգի կուլտուրայի...»:
Իր տեսական աշխատանքներում Կոմիտասը բացահայտել է ժողովրդական երաժշտության տեսական հիմքերը, նկարագրել է երգաստեղծության բուն պրոցեսը, վերլուծել հայ ժողովրդական երգի տեսակներն ու կոմպոզիցիոն հատկանիշները, բնութագրել դրանց գեղագիտական արժանիքները: Սկզբունքորեն կարեւոր է նաեւ ժողովրդական եւ հոգեւոր երաժշտության հիմքերի միասնության եւ հոգեւոր երգի ոճական հատկանիշների բացահայտումը:
Հայկական երաժշտական մշակույթի գանձարանում անփոխարինելի մնացին կոմիտասյան «Պատարագ», «Կռունկ», «Մոկաց Միրզա», «Անտունի», «Գարուն ա», «Քելեր ցոլեր», «Լոռու գութաներգ», «Ծիրանի ծառ», «Կաքավի երգը» եւ մյուս ստեղծագործությունները:
Կոմիտասի անունով են կոչվում Երեւանի պետական կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի Երեւանում: Նրա արձանները կանգնեցվել են Երեւանում, Էջմիածնում, Փարիզում եւ այլուր:
Կոմիտասը եղել է աշխույժ եւ կենսախինդ, կատակասեր եւ ընկերասեր անձնավորություն:
Ահա մի հատված Հ. Թումանյանին գրած նրա նամակից.
«1908 թ. 24 մայիսի, Էջմիածին
Սիրելի Հովհաննես,
Ափսոս, որ Տփխիս եղած ժամանակս քեզ տեսնել չկարողացա, պետք է մի լավ ծեծեի: Այ ախպեր, քեզ սպասելով աչքս ջուր դառավ, չէ որ դու ասել էիր, թե Զատկի տոներից հետո կգաս մի քանի օրով: Էս Համբարձումն էլ անցավ, դեռ դու չերեւացիր, եւ ես ստիպված հույսս կտրած առա գրիչս, որ քեզ լավ հայհոյեմ, բայց ջահել-ջիվանիդ ափսոսացի. էս անգամ ձեռքիցս պրծար...», հետո գրում է «Անուշ» օպերայի հետ կապված իր ծրագրերի մասին (Խորհրդային Հայաստան, 29 մայիսի 1936):
Գարեգին Լեւոնյան. «Մեր Կոմիտասը»
(հուշեր)
«...Իր խոշոր գործերի մեջ միշտ համեստ, բարեհամբույր եւ ոչ իրեն ցուցադրող, այլ անձն իր աշխատանքների ծալքերում թաքցնող...
Այդպես էր Կոմիտասը:
Տեսե՞լ եք նրան կյանքի ու գործի մեջ, լսե՞լ եք դուք երբեւէ նրա երգեցիկ խմբի համերգը կամ իր մեծ վարպետի մեներգը՝ «Մոկաց Միրզեն», «Սիրտս նման էր» եւ նման ժողովրդական սքանչելի ստեղծագործությունների կատարումը՝ երկարաշունչ, թախծալի, բայց եւ թովիչ, եւ հոգեզմայլ:
Իր գրական ուսումնասիրությունների, իր երաժշտական ստեղծագործությունների պահերուն խոհուն, ծանր եւ զուսպ, ինչպես մի գերման գիտնական, իր դպրոցական-մանկավարժական պարապմունքների, իր համերգային փորձերի ժամանակ լուրջ, խիստ եւ պահանջկոտ, որքան փոխվում էր այդ մարդը կյանքի մեջ, ազատ եւ հանգստի ժամերին, ընկերական եւ ընտանի շրջաններում: Զվարճախոս, սրախոս, կատակաբան, վառվռուն, նույնիսկ երբեմն թեթեւ: «Սա ինչ մասխարա մարդ է, եղբայր, սա հո կատարյալ կոմիկ է, միթե՞ սա է Կոմիտասը», -կասեր անկասկած այդ պահին անծանոթ հանդիպողը: Եվ նա հաճախ գործածական մի սիրած բառ ուներ, որով պատվում էր իր ամենամոտ ընկերներին, աշակերտներին՝ «Զուռնաչի»:
- Է՜յ, զուռնաչի, ո՞ւր ես, քանի օր է չես երեւում...
Անձնական նկարագիրը. միջահասակ, նիհար, ջղուտ եւ զգայուն, դեմքը դեղնավուն, աչքերը արտահայտիչ եւ վառվռուն, գլուխը ճաղատ, մորուքը ո՜չ «վարդապետավայել», այլ ծնոտի տակ միայն թողած, այսպես կոչված վագներյան, ինքը արագաքայլ եւ անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես... ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ եւ չափավոր, չէր խմում ու չէր ծխում, քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով եւ որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել:
Ընտանի շրջաններում. Վաղարշապատում ...սովորություն էր դարձել երկու շաբաթը գոնե մեկ անգամ հավաքվել ընկերներից սրա կամ նրա տանը ուրախ ժամանցի համար: Եվ դուք պետք է տեսնեիք, թե Կոմիտասը ի՜նչ հազվագյուտ ուրախ անդամ էր այդպիսի հավաքույթների մեջ:
- Է՜յ, զուռնաչի, արի նարդի խաղանք, - ասում էր նա իր պես նարդախաղի մեծ վարպետ, մաթեմատիկոս Կարապետ Տերյանին: Կոմիտասը միայն նրա հետ էր մրցում, մեզ պես թույլերի հետ չէր նստում խաղի: Նա խաղում էր արագ եւ միշտ երկու ձեռքով, իսկ խաղակիցը մաթեմատիկական հաշիվներ էր անում ու դանդաղում:
- Դե, գնա բաբայիդ բարեւ արա, - գրեթե միշտ այդ էր ասում իր խաղակցին, երբ տանողը լինում էր ինքը: Իսկ տարվելիս ընդհատում էր, վեր թռչում ու գնում ընտանիքի երեխաների հետ վազվզելու:
1903 թվին աշնանը Ջիվանին եկավ իր խմբով... Կոմիտասը տեսչի հետ խորհրդակցելով Ջիվանուն իր խմբով հրավիրեց ճեմարան, կազմակերպելով հատուկ երեկույթ... Հետեւյալ օրը Կոմիտասն իր մոտ հրավիրեց Ջիվանուն եւ նրանից ձայնագրեց Շիրինի «Այգեպան, ի՜նչ ես անում» եւ Ջիվանու «Ա՜խ, կորավ» երգերը, որոնք հետագայում դարձան նրա սիրելի մոտիվները...» (Ժամանակակիցները Կոմիտասի մասին, Եր., 1960, էջ 148-152):
Աքսորի ճանապարհին տեսնելով իր ժողովրդի ողբերգությունը, նա կորցրեց հոգեկան հավասարակշռությունը: Թուրքիայի եւ այլ երկրների մի շարք հեղինակավոր գործիչների միջնորդությամբ նրան վերադարձրին Կ.Պոլիս: Չորս տարի անցկացրեց Կ.Պոլսի զինվորական հոսպիտալում, իսկ 1919-ից մինչեւ կյանքի վերջը՝ հոգեբուժարաններում:
1935թ. հոկտեմբերի 22-ին, երկուշաբթի օրը, առավոտյան ժամը 6-ին, հայրենիքից հեռու, Փարիզի հոգեբուժարանում, վշտից ճերմակած ու ծերացած, վախճանվեց Մեծն Կոմիտասը:
Նրա մահը վերածվեց համազգային սգի...
Մահվանից անմիջապես հետո նկարիչ Արիել Աճեմյանը հանեց Կոմիտասի դիադիմակը:
Հոկտեմբերի 27-ին կատարվեց թաղման արարողությունը` մասնակցությամբ ընտրյալ մի երգչախմբի, որի երգիչների մեծամասնությունը Կոմիտասի աշակերտներն էին: Այնտեղ էր նաեւ Արմենակ Շահմուրադյանը:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2012/06/blog-post_7259.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



