1in.am-ը գրում է.
Ոստիկանության հանդեպ հասարակական վստահությունը աճել է: Ոստիկանության բարեփոխումներին նվիրված այսօրվա միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ միաժամանակ հավելելով, որ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ տարվում են շարունակական աշխատանքներ:
Նրա խոսքով՝ վերջին երկու տարիները ոչ հեշտ ժամանակահատված էին ոստիկանության համար, քանի որ ուժային այդ կառույցը մի կողմից՝ պետք է զարկ տար բարեփոխումներին, մյուս կողմից՝ պատշաճ ծառայություն իրականացներ չորս խոշոր միջոցառումների՝ նախագահական, խորհրդարանական, ՏԻՄ և Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ:
«Ի սկզբանե հասկանում ենք, որ ոստիկանին պետք է փոխել հենց համազգեստի մեջ, սովորեցնենք, որ նախ՝ մարդ է, հետո նոր ոստիկան: Նման ցանկությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր կամք, դա պետք է արվեր կամքով, համառությամբ, մանավանդ որ՝ ի սկզբանե մենք ունենք հակառակորդներ, ինչպիսիք են հանցագործներն ու կրիմինալները»,- նշեց ոստիկանապետը՝ համաժողովին ներկա իր գործընկերներին կոչ անելով համագործակցությունը վերածել համատեղ աշխատանքի, քանի որ հասարակությանը վստահելի ոստիկանություն է անհրաժեշտ: