Օրինակ, մենք գործ ունենք քաղաքական չներկայացվածության խնդրի հետ, երբ տարբեր օլիգարխներ, որոնք չեն կարողանում ինքնուրույն ներկայացնել իրենց քաղաքական շահերը, վճարում են մարդկանց, որպեսզի վերջիններս կատարեն ինչ-որ էլեկտորատի կամ սոցիալական բազայի խնդիր: Սա նշանակում է, որ այս մարդիկ դուրս են մնացել քաղաքական գործընթացներից:

ՀՀ ԱԺ-ում ներկայացված պատգամավորների 80 %-ը մեծահարուստներ են: Սա նշանակում է, որ նրանք ոչ միայն թույլ չեն տա, որ ուժեղ արհմիությունների մասին օրենքներ ընդունվեն, այլ նաև տրամաբանորեն իրականացնում են սոցիալական սուր անարդարության տանող քաղաքականություն: Եթե մյուս խավերը բացարձակ ներկայացված չեն քաղաքական որոշումների ընդունման գործընթացում, ստեղծվում է մի իրավիճակ, որի մեջ ենք այսօր մենք: Բանկերը սկսում են վաշխառուական տոկոսադրույքներով վարկեր տրամադրել՝ սնանկացնելով գյուղացիներին: Այս ամենը ուլտրալիբերալ, ոչ արդար տնտեսական քաղաքականության արդյունք է:

Մեր քաղաքական դաշտում հիմնականում լիբերալ և պահպանողական տիպի քաղաքական ուժեր են: Սրանք այն ուղղություններն են, որոնք ոչ միայն չեն մերժում սոցիալական անարդարությունը, այլ նաև որոշ չափով հիմնավորում են այն: Օրինակ՝ լիբերալ ընկալմամբ ազատությունն այն է, երբ անհատին տրված է ամեն ինչ անել կարողանալու հնարավորություն: Սոցիալական արդարության տեսանկյունից շեշտը դրվում է հավասար պայմանների, հնարավորություններ ստեղծման վրա: Օրինակ՝ արդյո՞ք մարդիկ կրթություն ստանալու հավասար պայմաններ ունեն, որպեսզի իրենց ազատությունը կարողանան կենսագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել