1in.am-ը գրում է.

ԱՄՆ Սենատը դեկտեմբերին կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորության հարցը՝ չնայած Իրանի միջուկային հարցի շուրջ Ժնևում ձեռք բերված համաձայնությանը: Ria Novovsti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը:

Նրա խոսքով՝ այս հարցով լսումներ կարող են գումարել Սենատի բանկային հանձնաժողովի նախագահ Թիմ Ջոնսոնն ու միջազգային հարաբերությունների հարցով կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը:

«Եթե պետք լինի ընդունել ավելի լուրջ պատժամիջոցներ, ես վստահ եմ՝ մենք դա կանենք»,- ասել է սենատորը:

Շաբաթ օրը Թեհրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» Ժնևում բանակցությունների արդյունքում հասել են համաձայնության, ըստ որի՝ Իրանը կկրճատի աշխատանքները միջուկային ծրագրի շրջանակներում, միջազգային փորձագետներին հասանելիություն կտա՝ ավելի մանրամասն ստուգումների համար, իսկ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն:

Սպիտակ տունն Իրանին նախազգուշացնում է՝ եթե չկատարի համաձայնագրի պայմանները, պատժամիջոցները կխստացվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել