A1plus.am-ը գրում է.
Հայաստանին օդի ու ջրի պես ազգային ավիափոխադրող է անհրաժեշտ՝ վստահեցնում է հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը. «Որովհետեւ մենք շրջափակման մեջ երկիր ենք, մեզ համար պատերազմը չի ավարտվել»:
Ազգային ավիափոխադրողի բացակայությամբ է հանրային խորհուրդը պայմանավորում օրեցօր Հայաստանից դեպի Եվրոպա չվերթերի նվազումը. «Եթե չունեք ազգային փոխադրող, ապա դա նշանակում է, որ արդեն յուրաքանչյուր ավիաընկերություն ինքն է որոշում` ինքը ձեզ մոտ թռիչքներ կատարի՞, թե ոչ»,-ասում է Հանրային խորհրդի ավիացիոն հարցերով հանձնաժողովի անդամ Իզաբելլա Մուրադյանը:
Արմավիայի սննկացումից հետո, շահավետ առաջարկներ ստանալով, ոլորտի մասնագետների մեծ մասը հեռացել է երկրից: Մասնագետները ահազանգում են` արտակարգ իրավիճակների դեպքում մենք չունենք համապատասխան սեփական կադրեր. «Եթե ինքնաթիռը հնարավոր է գնել, թեկուզ թանկ, ապա կազմը չի գա երբեք ու չի թռնի էքստրեմալ սիտուացիայում, կամ էլ այնպիսի գներ կասեն, որ անհասանելի կլինի»:
Ազգային ավիափոխադրող ունենալու համար նախ պետք է ծրագիր մշակվի, որի համար հանրային խորհուրդը կարեւորում է կառավարության աջակցությունը, որն այս պահին չկա:
Իզաբելլա Մուրադյանը հիշեցնում է՝ այսօր մեր հարեւան երկրներից դեպի Եվրոպա թռիչքները անհամեմատ էժան են։
Այս հարցում նա առաջին հերթին տեսնում կառավարության մեղքի բաժինը. «Կառավարությունը լվաց ձեռքերը, չուզեց գլխացավանքներ ունենա ու գնաց հեշտ ճանապարհով, նա ասաց, որ թույլ է տալիս, որ ով ուզում է՝ կարող է գալ- թռնել եւ իր պայմանները դնել։ Դա ճիշտ է, կարող է հիմա էժան տոմսեր լինեն, բայց իրենք պարտավորություն չունեն, կարող է մի օր ուղղակի չթռչեն»:
Այս պահին հայաստանյան ավիափոխադրող են համարվում երկու ընկերություն` «Էյր Արմենիան» եւ «Սքայ նետը»։
Երկու ընկերություններն էլ ունեն ընդամենը մեկ սեփական ինքնաթիռ. այս պայմաններում նրանցից որեւէ մեկը չի կարող հավակնել ազգային ավիափոխադրողի կոչմանը։
Տոմսերի բարձր գները, նույնպես լուծելի հարցեր են՝ վստահ է Իզաբելլա Մուրադյանը։ Նա ողջունում է Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու որոշումը, քանի որ այն հնարավորություն կտա ունենալ ռուսական «Այէրոֆլոտի» նման գործընկեր՝ վստահ է Իզաբելլա Մուրադյանը. «Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն ստեղծում է դաբրալյոտ ընկերություն, որը էժան տոմսերի վաճառք է իրականացնելու եւ իրենք հայտարարել են, որ 2016-ի հունվարից, նրանք թռիչքներ են իրականացնելու Երեւանից: Ինձ թվում է՝ մինչ այդ Հայաստանն իր համար որոշումներ կիրականացնի»: