1in.am-ը գրում է.
Լատվիայի խոշորագույն Ziedot.lv բարեգործական կազմակերպությունը Ռիգայի «Մաքսիմա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետևանքով տուժածների և զոհվածների հարազատների համար արդեն հավաքել է մոտ 746 000 դոլար, հայտնել է կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Իլզե Օշանեն:
Եվս մոտ 200 000 դոլար հատուկ հաշվին փոխանցել է RE&RE շինարարական ընկերությունը, որն իրականացրել է առևտրի կենտրոնի նախագիծը, հայտնել է ընկերության խորհրդի նախագահ Այնարս Պաունինիշը:
Ավելի վաղ զոհերի ընտանիքներին 50 000 դոլար էր հատկացրել տեղական «Ռիետումու» բանկի բարեգործական հիմնադրամը: Նվիրատվություններ է հավաքում նաև Լատվիայի ուղղափառ եկեղեցին, հայտնում է rus.ruvr.ru-ն՝ հղում անելով ITAR-TASS-ին:
Գումար կհատկացնեն նաև Ռիգայի դուման և «Մաքսիմա» առևտրի ցանցը, որը նաև որոշել է պատահարի հետևանքով ծնողներից մեկին կորցրած երեխաներին մինչև չափահաս դառնալն ամեն ամիս հատկացնել մոտ 1 000 դոլար, և 2 000 դոլար՝ երկու ծնողներին կորցրած երեխաներին:
Պետությունը մահացած փրկարարների ընտանիքներին կհատկացնի մոտ 100 000-ական դոլար և կհոգա թաղման բոլոր ծախսերը:
Նոյեմբերի 21-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել է 54 մարդ, որոնց թվում՝ 3 փրկարար: Մոտ 40 մարդ վնասվածքներ է ստացել, նրանց թվում՝ 13 փրկարար: 13 երեխա կորցրել է ծնողներից մեկին, 3-ը որբ է մնացել, նրանց մասին կհոգան հարազատները: