Վերջին մեկ-երկու տասնամյակում շատ հաճախ ենք կարդում կամ լսում. «Կարող ե՞ս մի քիչ գումար տալ», «Մոտս գումար չկա», «Վիրահատվելու համար գումար չուներ» և այլն: 
Սխալ գործածություն է, թեև գնալով ոնց որ թե ուզում է տեղը պնդացնել: Երրորդ օրինակը գուցե կարելի է (ըստ իս` ապարդյուն) փորձել փրկել` ասելով, թե սա ընդամենը համառոտված խոսք է` «Վիրահատվելու համար անհրաժեշտ գումար չուներ» իմաստով: Բայց այս արդարացումն արժեզրկվում է մյուս օրինակներով: 

Այս ընդհանուր համատեքստում սազում է ՓՈՂ բառը: Իսկ ԳՈՒՄԱՐ-ը նշանակում է. ‘մի քանի թվերի միացությունից ստացված թիվը’, ‘որևէ բանի ընդհանուր քանակությունը` թիվը’, ‘դրամի որոշ քանակություն’: Բայց չի նշանակում ‘փող’` ընդհանուր առումով: Պետք չի արհեստականորեն այն սազեցնել այդ համատեքստի մեջ: 

Կարծում եմ այստեղ էլ գործ ունենք այն երևույթի հետ, երբ բառը, պարզ ու հասարակ և խոսակցական լեզվում շատ տարածված լինելու պատճառով, հանկարծ սկսում է գիտակցվել որպես ՑԱԾՐ ՈՃԻ ԲԱՌ, ու մարդիկ սկսում են խուսափել նրանից ու այն փոխարինել «ավելի գրագետ/բարձրաոճ» բառերով: Ես գրեթե համոզված եմ, որ վերը նշված ընդհանուր համատեքստում լեզվակրի լեզուն, անկաշկանդ ընտրության դեպքում, կգերադասեր այդ «հասարակ» բառը` ՓՈՂ, սակայն լեզվակրի ուղեղը միջամտում է գործին ու հորդորում ավելի բարձրաոճ հոմանիշի դիմել, ու մարդը դիմում է ԳՈՒՄԱՐ բառի սխալ գործածությանը: 

Այս իրողությանը քանիցս անդրադարձել եմ: Մարդիկ հաճախ ՁՈՒ բառը փոխարինում են ՀԱՎԿԻԹ-ով: ՀԱՎԿԻԹ-ի հայակզմությունը մաշուր է, իսկ ՁՈՒ-ն եսիմ ինչ է...  : 

Վերջերս գրեցի, որ նման մի բան կատարվում է և ՍԻՐՈՒՆ բառի հետ. շատ մարդկանց թվում է, թե սա բարբառային կամ ոչ լիովին գրագետ կամ էլ ցածր ոճի բառ է, ու այն անպայման ձգտում են փոխարինել ԳԵՂԵՑԻԿ-ով: Բայց սա դեռ ոչինչ, քանի որ ՍԻՐՈՒՆ-ն ու ԳԵՂԵՑԻԿ-ը նույն իմաստն ունեն, երկուսն էլ հրաշալի բառեր են ու կարող են միմյանց փոխարինել (թեև անձամբ ինձ իսկապես թվում է, որ ՍԻՐՈՒՆ-ն ավելի սիրուն, անկաշկանդ ու կենդանի բառ է): Իսկ ԳՈՒՄԱՐ-ն ու ՓՈՂ-ը իմաստով միմյանցից զգալիորեն տարբեր են, մասամբ են ծածկում միմյանց:

Ժողովուրդ ջան, չգիտեմ` ՓՈՂԸ ձեռքի կեղտ է թե չէ, բայց հաստատ լեզվի կեղտ չի: Դա հին ու նոր, լիարժեք ու ճիշտ բառ է, մի՛ խուսափեք դրանից ու մի՛ չարաշահեք ԳՈՒՄԱՐ բառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել