1in.am-ը գրում է.

Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին հանդիպումը արգենտինահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ էր:

ԱԺ նախագահը և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամները նոյեմբերի 24-ին Բուենոս Այրեսում այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին և Արցախում զոհված ազատամարտիկների հուշարձանին:

ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի հանդիսասրահում Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահը նշել է, որ Արգենտինան Լատինաամերիկյան առաջին երկիրն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հիմնեց իր դեսպանությունը, իսկ Արգենտինայի առաջին դեսպանությունը Հարավային Կովկասում հիմնվել է Հայաստանում: Բացի այդ Հայաստանը Արգենտինայի հետ վերացրել է մուտքի արտոնագրային ռեժիմի պահանջը: Այս ամենը, ըստ Հովիկ Աբրահամյանի, վկայում է հայ-արգենտինյան միջպետական բարեկամական հարաբերությունների և երկու ժողովուրդների` միմյանց նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի մասին: «Մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արգենտինայի հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը, բարձր դիրքեր զբաղեցնում կառավարման համակարգում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Նա երախտագիտություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին ու ժողովրդին` մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերած և շարունակվող հոգատարության ու ջերմ վերաբերմունքի համար: «Մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցության խորացմանը միտված քայլերը՝ Արգենտինայի հետ քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային կապերն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` ԱԺ նախագահն ասել է. «Ինչպես գիտեք, այսօր համայն հայությանը հուզող խնդիրներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայանպաստ լուծումը: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ հայ ժողովուրդն առավել քան հզոր է և ավելի արդյունավետ կարող է իրականացնել իր համազգային ծրագրերը: ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է, և ես ուզում եմ վստահեցնել ձեզ, որ անկախ հարևան Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններից ու սպառնալիքներից` մենք ամեն ինչ անելու ենք` հասնելու Արցախի հարցի հայանպաստ լուծմանը: Դրա բոլոր նախադրյալները կան` ի դեմս հայկական իշխանությունների քաղաքական կամքի, հայկական մարտունակ զինված ուժերի և միջազգային հանրության մեջ աստիճանաբար գերակա դարձող այն համոզման, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

«Համոզված եմ, որ մենք բոլորս Հայաստանում, թե՛ Արցախում, Արգենտինայում, թե՛ հայաշատ որևէ այլ երկրում համատեղ ուժերով կարող ենք ավելի հզորացնել հայկական երկու պետությունները` Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները, հզորացնել հայկական սփյուռքը` միմյանց սատարելով ու թիկունք լինելով»,- ասել է ԱԺ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել