Հայոց եկեղեցիներն ունեն խաչաձեւ կառուցուածք, ուր չորս սիւների վրայ ամրացւում է վեղարաձեւ գմբէթը՝ համաձայն Լուսաւորչի տեսիլքի: Եկեղեցու բեմը միշտ նայում է դէպի արեւելք` որպէս օրինակ արեգակի՝ լոյսի, իսկ մուտքը՝ արեւմուտք` խորհրդանշելով հեթանոսութիւնից դէպի աստուածային լոյսի գալը: Հայ Եկեղեցին իր ամէնօրեայ կարիքների համար օգտագործում է զանազան եկեղեցական սպասքներ, աստուածապաշտական տարբեր սրբազան առարկաներ: Բոլոր այդ իրերը՝ խաչերը, պատկերները եւ այլն, օրհնւում են կամ նաեւ օծւում՝ յետագայ օգտագործման համար:
Պատկերները Եկեղեցում ընտրւում եւ ընդունւում են յատուկ սկզբունքով: Մերժւում են կուռքերին յիշեցնող հեթանոսական պատկերները: Հայ Եկեղեցին սովորեցնում է երկրպագել միայն Աստծուն` Ամենասուրբ Երրորդութեանը: Սուրբերի պատկերները յարգելի եւ համբուրելի են մեզ համար, որովհետեւ պատմում են նրանց աստուածահաճոյ վարքը, գործերը, որոնք Աստուած կատարել է նրանց միջոցով: Առհասարակ, ինչ պատկեր որ օրհնւում է, աղօթքով սրբագործւում է, որպէսզի Աստուած այդ պատկերը դարձնի «պատճառ երկրպագութեան համագոյ Երրորդութեան»:
Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցում, ի տարբերութիւն բիւզանդական եկեղեցիների պատկերամեծարութեան, գոյութիւն ունի պատկերայարգութիւն, որը յորդորում է հաւատացեալներին ձգտել աստուածահաճոյ կեանքի: Պատկերների յարգութիւնը, ինչպէս եւ դրանց մեծարումը պատկերապաշտութիւն չէ: Հետեւապէս, սխալ եւ անտեղի է ուղղափառներին մեղադրել պատկերապաշտութեան մէջ: Թերեւս մեր եւ իրենց տարբերութիւնն այս հարցում այն է, որ նրանք աւելի շատ են տեղ տալիս սրբապատկերներին եւ իւրայատուկ մեծարանքի արժանացնում, ինչը միանգամայն ուղղափառ է: Հայ մատենագրութեան մէջ քիչ են այն երկերը, որոնք նուիրուած են պատկերամեծարութեանը: Առաւել յայտնի աշխատութիւնն է Վրթանէս Քերթողի «Պատկերամարտների մասին» երկը (Է. դար): Իր վարդապետական դիրքորոշումը այդ խնդրի վերաբերեալ Հայ Եկեղեցին ճշտել էր դեռեւս իր սկզբնաւորման ժամանակ:
Ինչպէս տեսանք, Հայ Եկեղեցու դիրքորոշումը պատկերների հարցում ուղղուած է ոչ թէ անշունչ պատկերին, այլ պատկերի միջոցով մարդկանց երկրպագութիւնն ուղղելու համագոյ Ս. Երրորդութեանը: Այդպէս էլ գրուած է Մաշտոցում՝ սրբապատկերի օծման եւ օրհնութեան կարգում. «Սուրբ Տէր, սրբեա՛ զկենդանագիր պատկերս զայս սրբոց քոց վկայից՝ ի պատիւ եւ յերկրպագութիւն Ամենասուրբ Երրորդութեանդ»:
Հայոց Եկեղեցու կանոնների համաձայն` օծւում են ոչ միայն պատկերները, այլ նաեւ եկեղեցու շէնքը: Այնպէս որ, օծեալ սրբանկարները միշտ էլ կարող են հրաշագործ յատկութիւններով օժտուել, զի Աստուած մարդկանց մէջ գործում է զանազան կերպերով...



