1in.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` նոյեմբերի 25-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ 12 մարզիչներին ՊՐՈ դիպլոմների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ, դասընթացները համակարգող Ֆլեմինգ Սերիցլևը:
Արդյունքում Հայաստանն ունեցավ ՊՐՈ արտոնագրով 12 մարզիչ: ՀՖՖ նախագահը նշեց.
«Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆլեմմինգ Սերիցլևին, ով այս ամբողջ ժամանակահատվածում մեծ ներդրում ունեցավ ՊՐՈ կարգի արտոնագրերի համար դասընթացներ կազմակերպելու և մարզիչներին համապատասխան գիտելիքներ ապահովելու գործընթացի կայացման մեջ:
Շատ լավ է, որ ՀՖՖ-ն ունի ՊՐՈ արտոնագրի դասընթացներ անցկացնելու հնարավորություն, բայց խոսքս ուղղելով դիպլոմ ստացող մարզիչներին՝ ցանականում եմ նշել: Ձեզնից կեսը մարզչությունից հեռու է: Այսօր, մեր հավաքականը չունի գլխավոր մարզիչ, բայց հանրությունը ձեզանից ոչ մեկի թեկնածութունը չի քննարկում այդ պաշտոնը զբաղեցնելու համար: Կարծում եմ, որ դա ձեր մեղավորությունն է:
Ցանկանում եմ, որ դուք ձերբազատվեք սովետական մտածելակերպից և սկսեք ձեր վրա աշխատել: Դուք չպետք է բավարարվեք այս արտոնագրերով և դադարեք աշխատել ձեր վրա: Այս քննադատությունը ձեր օգտին է, որ դուք շարունակեք սովորել և զարգանալ: Շնորհավորում եմ բոլորիդ արտոնագրեր ստանալու կապակցությամբ»: