1in.am-ը գրում է.

Կարելի է ակնհայտորեն պնդել, որ Թուրքիայի` «Զրո խնդիր հարևանների հետ» ծրագիրը ձախողվել է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեակետ հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը` հավելելով, որ հայաստանյան իշխանությունները չպետք է թույլ տան իրենց հետ հարկադրանքների լեզվով խոսել:

«Այդ երկրի խաղադրույքներն իրենց չարդարացրին: Սիրիայի հարցում Թուրքիայի մտադրությունները խաթարվեցին: Թուրքիան մինչ այժմ անում էր ամեն բան`հրահրելու արտաքին ուժերի մուտքն այդ երկիր, սակայն տեղի ունեցան Թուրքիայի կողմից անվերահսկելի քաղաքական գործընթացներ: 

Մյուս խնդիրը, որը լրջորեն սպառնում է այդ երկրին, թուրք-իրաքյան սահմանին արդեն կայացած Իրաքյան Քրդստանի գոյության փաստն է, ընդ որում` թուրք-սիրիական սահմանին, հնարավոր է, ձևավորվի մեկ այլ քրդական ինքնավարություն»,- ասաց թուրքագետը:

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի` վերջին շրջանում հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ հայտարարություններին` թուրքագետը նշեց, որ սա հերթական բլեֆն է` կապված Հայոց ցեղասպանության մոտեցող տարելիցի հետ: 

«Որքան մոտենա Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, այնքան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման հաճախակի է շոշափվելու թուրքական շրջանակներում: Անկարան փորձում է ձևանել, որ շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների լավացմամբ: 

Խոսելով թուրք-իրանական հարաբերությունների մասին` Անուշ Հովհաննիսյանը նկատեց, որ Իրանը կամաց-կամաց դուրս է գալիս մեկուսացվածության վիճակից, ինչը շատ լավ գիտակցում է Թուրքիան: Սա նսեմացնում է նրա դերակատարությունը տարածաշրջանում. «Իրանը Թուրքիայի համար կարող է դառնալ շատ ավելի լուրջ մրցակից»:

Թուրքիայի ԱԳ նախարարի` Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում Երևան ժամանել-չժամանելու հարցի շուրջ խոսելով՝ թուրքագետն ասաց, որ Դավութօղլուի` Հայաստան գալու հավանականությունը այս պահին 20 տոկոս է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել