Life.panorama.am-ը գրում է.

Վերջին շրջանում որոշ «լայքասեր» լրագրողներ և լրատվական պատրաստ են ցանկացած միջոցով հասնել ճանաչման՝ դրանով իսկ ստվեր գցելով լրատվական դաշտի վրա: Նման մի դեպք տեղի ունեցավ նաև օրեր առաջ. անհայտ մի կայք «սև հումորի» ժանրում էր հանդես գալիս՝ անհաջող ապատեղեկատվություն տարածելով հայտնի մարդկանց մասին: «Կատակասերների» զոհն էր դարձել նաև Երգչուհի Նադեժդա Սարգսյանը.նա Life.panorama.am-ի հետ կիսվեց ոչ միայն այս, այլ նաև ստեղծագործական, առողջական և մայր-աղջիկ հարաբերությունների մասին:
- Այս անգամ, կարծես, անձամբ չարձագանքեցիք ձեր մասին սխալ տեղեկատվությանը:
- Բայց որ խոսեմ, ի՞նչ է փոխվելու: Անդաստիարակ մարդը կմնա անդաստիարակ: Չեմ ուզում ավելի վատ բաներ ասել, բայց անկիրթ են: Մենք տարիների աշխատանքով ենք անուն ու ճանաչում ձեռք բերում, իրենք երևի ուզում են այն միանգամից ձեռք բերել: Այդպիսի լրագրողներին ես լուրջ չեմ վերաբերվում: Իմ կյանքում շատ լուրջ լրագրողների հետ եմ աշխատել ու աշխատում, շփվում, որոնց հարգում և սիրում եմ: Իսկ նման անկիրթ, անլուրջ մարդկանց ի՞նչ պատասխանես: Միևնույն է՝ չեն փոխվելու, իրենք այդպիսին են: Թող իրենց ծնողները մտածեն՝ ինչ զավակ են դաստիարակել: Մեկ-մեկ կարող են ծնողներից խորհուրդ ստանալ, որ չի կարելի նման բան անել… Ախր, ինչպե՞ս կարելի է մարդկանց կենդանի ժամանակ այն աշխարհ ուղարկել… Ամոթ իրենց, ի՞նչ ասեմ: Փառք Աստծո, ես հիմա լավ եմ ու լավ պետք է լինեմ, քանի որ իմ կողքին իմ Աստվածն է: Իսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են, որ մենք մի քիչ շուտ գնանք այս աշխարհից, թող իմանան, որ դա որոշում է Աստված… Թող նման բաներից չուրախանան, թող ավելի լավ բաներից ուրախանան…

- Կարևորը, դուք ձեզ լավ եք զգում: Առողջական խնդիրները հարթվե՞լ են:
- Ամեն ինչ լավ է, թեև շարունակում եմ բուժումներս: Աստծո օրհնանքով, երևի թե ամեն ինչ լավ կլինի: Վստահ եմ, որ երկար կաշխատեմ և երկար կապրեմ: Ցանկանում եմ, որ բոլոր նրանք, ովքեր վատառողջ են, անպայման առողջանան…
- Օրեր առաջ փորձում էի ձեզ հետ կապ հաստատել, Հայաստանում չէիք: Գործնակա՞նուղևորություն էր:
-Այո, Մոսկվայում մանկական The Voice նախագծում ներկայացրեցի իմ երկու ռուս ուսանողներին: Նրանցից մեկը միայն երկու փուլ հաղթահարեց, մյուսը անցավ եզրափակիչ, որը կլինի մարտ ամսից:
- Իսկ Հայաստանում հիմա ինչո՞վ եք զբաղված:
- Երևանի մշակույթի պետական քոլեջի դասընթացներով, քննական շրջան է: Նաև «Դո-ռե մի»-ի երեխաները այժմ պատրաստվում են տարբեր միջազգային մրցույթների:
- Իսկ դուք չե՞ք ուզում այլևս բեմ բարձրանալ, նոր երգեր պատրաստել:
- Իհարկե, շատ եմ ցանկանում: Այս քանի տարի է ասում եմ՝ այս գործն էլ ավարտեմ, ժամանակը կհասնի ինձ: Բայց… Հանրային հեռուստաընկերության ամանորյա ծրագրին եմ մասնակցելու, ամանորյա երգ կձայնագրվեմ… Շատ վաղուց չեմ երգել, հիվանդությունն էլ ինձ խանգարում է, բայց կաշխատեմ, որ ամեն ինչ լավ լինի… Իմ երգարվեստին շատ եմ կարոտում, բայց դե ճիշտ ժամանակին դուրս գալն էլ է շատ ճիշտ…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ