1000340_10151583616723837_5476753_nKinoashkharh.am-ը գրում է.

Ռեժիսոր Արշակ Զաքարյանն առաջին ֆիլմը` «Երևան, իմ քաղաք», նկարել է 43 տարեկանում:  Նկարահանել է նաև հայոց բանակի թեմայով մի քանի հոլովակներ, անդրադարձել վճարովի ավտոկանգառներին և այլն: Իսկ առաջին գեղարվեստական կարճամետրաժ խաղարկային ֆիլմը եղել է «Կինը», որն արժանացել է մրցանակների Հայաստանում և Լեհաստանում: Նա վերջերս նկարահանեց նաև «Բոյկոտ-2» կարճամետրաժ ֆիլմը, որը կրկին արծարծում է նախորդ «Բոյկոտ»-ի թեման: Այն ներկայացնում է ինքը` հեղինակը:

Մտահղացումը

Ֆիլմի գաղափարը շատ վաղուց էր առաջացել: Ինչ-որ տեղ կարդացի, որ Թուրքիան հայերից ստացած ամբողջ եկամտի չափով ռազմական օգնություն է տրամադրում Ադրբեջանին: Դրան գումարվեց ընկերներիցս մեկի տանը հյուրերից մեկի արտահայտությունը. «Կնիկս ամսվա կեսը ստեղ ա, կեսը Թուրքիայում, իրա նման էժան ոչ մեկ ապրանք չի կարա բերի»: Եվ պատմությունը, որ ինքը ՙդախլի հետևը՚ կնոջ բերած ապրանքն է ծախում, քանի դեռ կինը Թուրքիայում է: Բարկությունից  ծագեց այդ մտահղացումը:

Նպատակը

Ֆիլմի հիմնական նպատակը տեղական արտադրության խթանումն է: Մենք` որպես երկիր, կկործանվենք, եթե հույսներս դնենք միայն առուծախի, այսինքն` չարչիության վրա:  Երկրորդը, իհարկե, զգոնության կոչն է մեր հայրենակիցներին և առաջին հերթին կառավարությանը: Մի երկրի նկատմամբ, որը մեզ պաշտոնապես անօրինական շրջափակման մեջ է պահում արդեն 19 տարի, պետք է «էմբարգո» կիրառվի մեր իշխանության կողմից, այսինքն` պետք է պաշտոնապես արգելել այդ երկրի արտադրության որևէ ապրանքի ներկրումը Հայաստան, գոնե մինչև նրանք բացեն սահմանը:

Արձագանքները

Թուրքիան և Ադրբեջանը ֆիլմի ցուցադրումից անմիջապես հետո սկսեցին ուղղակի հարձակում իմ կայքերի վրա: «Յութուբ» ընկերությունը նույնիսկ փակեց իմ հաշիվը իրենց մոտ: Ես ստիպված էի դատի տալու զգուշացում ուղղել «Յութուբին», որից հետո նրանք վերանայեցին և վերաբացեցին իմ հաշիվը: Ինձ համար ավելի ցավալի էին մեր թրքասեր հայրենակիցների արձագանքները, որոնք, իհարկե, մեծամասնություն չէին կազմում, բայց միևնույն է, դա վտանգավոր   թիվ էր տոկոսային առումով:

Նախնական տվյալներով` մոտ կես մլն մարդ արդեն դիտել է այս ֆիլմը, այն ցուցադրվում էր ԱՄՆ-ի հեռուստատեսությամբ օրը 4 անգամ:

Վերջերս տեղեկացա, որ «Ազգային կինոյի զարթոնք» կինոկենտրոնը «Բոյկոտ» ֆիլմին շնորհել է «Ազգային կինո» մրցանակը: Ես չգիտեմ ովքեր են այդ մարդիկ, որ ինձ արդեն երկրորդ անգամ են մրցանակ շնորհում, բայց անչափ շնորհակալ եմ նրանց գնահատականի համար: Ինձ համար նման անակնկալ մրցանակներն այն մարդկանցից, որոնց  չեմ ճանաչում և չեմ էլ դիմել, ավելի թանկ են, քան որևէ փառատոնի մրցանակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել