Երբ Հայաստանը շրջադարձ կատարեց՝ ըստ էության հրաժարվելով եվրաինտեգրացիայից, Բրյուսելում քողարկված ակնարկում էին, որ դրանից Վիլնյուսի գագաթաժողովն առանձնապես չի տուժի։
Նույն պնդումը Բրյուսելում չեն կարող հիմա անել, երբ Ուկրաինան սառեցրեց Ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը. Ուկրաինան «Արևելյան գործընկերության» առանցքային մասնակիցն է՝ բոլոր առումներով։ Կիևի հրաժարումը՝ Վիլնյուսի գագաթաժողովը զրկեց բովանդակությունից, պատմականությունից։
Ովքե՞ր են իրավիճակի պատասխանատուները։
Գործընթացի հետ ուղղակի և անուղղակի առնչություն ունեցող բոլոր սուբյեկտները։
Օրինակ, եթե Հայաստանի կամ Ուկրաինայի իշխանությունների որակն այլ լիներ, նրանք չէին չնթարկվի Կրեմլի ճնշումներին։

Վրաստանում ու Մոլդովայում՝ դեմոկրատիայի մակարդակն ավելի բարձր է, իշխանություն–հասարակություն փոխադարձ կապն ավելի ամուր է ու այս դեպքերում՝ Ռուսաստանի ճնշումը չի աշխատում՝ չնայած այն հանգամաքին, որ մեր հարևան երկրի տարածքի զգալի մասն օկուպացված է ռուսների կողմից, կամ որ՝ մոլդովական գինին արգելքների է հանդիպում ռուսական շուկայում։
Մեծ է նաև Եվրամիության պաշտոնյաների պատասխանատվության չափը։
Օրինակ, Հայաստանն ունի անվտանգության, էներգետիկայի հետ կապված խնդիրներ, որոնք կենսական են, նաև՝ դրանք ճնշման գործիք են ռուսների ձեռքին։

Բրյուսելից չտրվեցին համապատասխան երաշխիքներ. օրինակ՝ կարող էր ԵՄ–ն գործուն ջանքեր գործադրել՝ հայ–թուրքական սահմանի բացման ուղղությամբ։
Ուկրաինայի վարչապետն ասում է, որ ռուսական ճնշումներն երկրի վրա «նստում» են 165 միլիարդ դոլար, մինչդեռ՝ Բրյուսելը խոստացել է ընդամենը մեկ միլիարդ դոլարի վարկ։
Բրյուսելում ոչ ադեկվատ են գնահատում իրավիճակը. նրանց երկարաժամկետ ծրագրերի վիրտուալ արդյունքները բախվում են Մոսկվայից եկող կոնկրետ ճնշումներին՝ դժվար երկընտրանքի առջև կանգնեցնելով՝ առանց այն էլ, ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերների հետ բախվող հետսովետական էլիտաներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել