Շուշին գտնվում է Լեռնային Ղարաբաղի կենտրոնական մասում, համարվում է Արցախի հնագույն բնակավայրերից: Հարուստ է պատմական անցյալով. բնական անմատչելի դիրքի շնորհիվ` հնագույն ժամանակներից Վարանդա գավառի բնակիչների համար ծառայել է իբրև պաշտպանական  ամրություն, որը հետագայում պարսպապատվելով, դարձել է բերդ: Բերդապարսպի մեծ մասը այժմ  կանգուն է: Միջնադարում բերդը կոչվել է Շինաքար, իսկ հետո տարբեր դարաշրջաններում հիշվել է հետևյալ անուններով՝ Քարագլուխ, Շոշի բերդ, որովհետև թշնամու ուժերի հարձակումների ժամանակ այստեղ զինավորվել են հարևան Շոշ ավանի և գավառի բնակիչները:
     Շուշին 11-րդ դարի երկրորդ կեսերից բերդաքաղաք էր, իսկ 12-րդ դարից դառնում է առևտրական և մշակութային կարևոր կենտրոն: Ուշագրավ է Շուշիի Հայկական Խանդամիրյան թատրոնի շենքը, Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ 1816 թիվ, Ագուլեցոց Ս. Աստվածածին եկեղեցին՝ 1822թ., Մեղրեցոց Ս. Աստվածածին եկեղեցին՝ 1838 թ., Ղազանչեցող Ամենափրկիչ Մայր Տաճարը՝ 1868-87 թթ, որը այսօր կրում է Սուրբ Ամենափրկիչ անունը: 
     1838թ-ին Շուշիում հիմնվել է թեմական դպրոց, որի տեսչությունն է վարել բանաստեղծ Ղազարոս Աղայանը և դասավանդել են Պ. Պռոշյանը, Ա. Չիլինգարյանը, Լ. Մանվելյանը և ուրիշներ, դպրոցը փակվել է 1920 թվականին: Հայտնի են եղել նաև Շուշիի երաժիշտները, որոնք բարձր աստիճանի են բարձրացրել հին երաժշտական գործիքներով՝ թառ, քամանչա և զուռնայով ժողովրդական մեղեդիները:


Տարազ
   Շուշիի կանացի տարազը չափազանց յուրահատուկ է եղել այն իմաստով, որ նրանք տարբեր տարիքների համար ունեցել են տարբեր տարազներ: Տարեց կնոջ տարազը ամբողջովին տարբեր է եղել երիտասարդ աղջկա կամ կնոջ տարազից: Տարեցների տարազի մեջ կա նմանություն Ստեփանակերտի կանացի տարազին, իսկ երիտասարդ աղջկա տարազը, որը ներկայացվել է գրքում, հատկանշական է եղել իր բարձր գլխարկով, որի վրայից կախվում է գունավոր շղարշը՝ իջնելով դեպի թիկունք:




Նևրիկ Ազատյան,
Հայկական տարազները և տեղագրություն, 2006

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել