1in.am-ը գրում է.

Ադրբեջանից հայերի բռնի տեղահանումները իրականացվել են 4 փուլով՝ մեկնարկելով 1988 թվականի սումգայիթյան ցեղասպանությամբ ու արտագաղթով: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Նրա խոսքով` հայ ազգաբնակչության նկատմամբ առաջին բռնություններն իրականացվել են հենց Սումգայիթում: «Փետրվարի 25-28-ն ընկած ժամանակահատվածում այնտեղ հարյուրավոր հայեր ցեղասպանության ենթարկվեցին, ընդ որում՝ պաշտոնական շրջանակների անմիջական ցուցումով: Ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին սումգայիթյան եղեռնը, որի ժամանակ միայն հայ լինելու համար մարդիկ սպանվեցին ու տանջանքների ենթարկվեցին: Սումգայիթով էլ սկսվեց հայ ազգաբնակչության նկատմամբ բռնարարքների շարքը: Իսկ բռնություններն ի կատար ածողների անպատժելիությունը սկիզբ դրեց բռնությունների նոր ալիքին և տեղահանություններին: Մինչդեռ Հայաստանից ադրբեջանցիներն այդ ընթացքում հեռանում էին ինքնակամ, վախից դրդված: Նրանք գնում էին ավտոբուսներով»,- ասաց պատմաբանը:

Էդիկ Մինասյանի խոսքով` սումգայիթյան ջարդերին հաջորդեցին հայ ազգաբնակչության հանդեպ ամռան ամիսներին իրականացված բռնաճնշումները: «Սեպտեմբերի 18-ին ադրբեջանցիները Աղդամի կենտրոնից շարժվեցին Խոջալու, ինչին հաջորդեցին Խոջալուի ողբերգական դեպքերը: Բռնարարքներ իրականացվեցին Շուշիի ազգաբնակչության նկատմամբ, ինչին հաջորդեցին հայերի բռնի տեղահանությունները: 

Բռնությունների երկրորդ փուլը ներառեց 1988 նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները, երրորդը՝ 1989 թվականի հուլիս-օգոստոս ամիսները, երբ հայաթափվեցին հայաբնակ մի շարք շրջաններ, այդ թվում՝ Հադրութի շրջանը: Հայաջինջ քաղաքականությունը Ադրբեջանում եզրափակվեց 1991 թվականի «Կոլցո» գործողությամբ, որի արդյունքում հայաբնակ շրջանները վերջնականապես հայաթափվեցին՝ իսկական միջնադարյան վանդալիզմի օրինակով»,- ասաց պատմաբանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ, ադրբեջանական իշխանությունների իրականացրած բռնարարքների արդյունքում այդ երկրից տեղահանվեց 450-500 հազար հայ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել