Արշակը չէր մոռացել Արշակավանի կործանումն ու բնաջնջումը և հարմար առիթի էր սպասում իր վրեժը նախարարներից լուծելու համար։ 
Երբ Ներսես կաթողիկոսը Գնելի սպանության առթիվ նրանից ընդմիշտ հեռանում է, և այլևս չկար մեկը, որ խրատեր, հանդիմաներ թագավորին, կանխեր նրա ապօրինությունները, Արշակն իրեն ավելի ազատ ու ինքնագլուխ է զգում և վճռում իր ոխը հանել։ Նա նախարարներին հրավիրում է իր մոտ՝ Արմավիրի լքված պալատը, իբրև բարեկամների մեծարելու և հյուրասիրելու պատրվակով։ Երբ նախարարները ժամանում են, Արշակը բոլորին կոտորել է տալիս, բնաջնջում շատ նախարարական տոհմեր, նրանց կալվածքները բռնագրավում, միացնում արքունական տիրույթներին։ Նա հիմնովին բնաջնջում է Շիրակի և Արշարունիքի տերեր Կամսարականներին, որոնք ուժեղ դիմադրություն են ցույց տալիս Արշակին։ Վերջինս սեփականացնում է Արշարունիքում գտնվող նրանց կուռ և անառիկ Արտագերս ամրոցը և ամբողջ գավառը հատկացնում այդ բերդին, դարձնում արքունի համբարանոց1։ Կամսարականների ցեղից, Վասակ սպարապետի ջանքերով, փրկվում է միայն մի երեխա՝ Սպանդարատ անունով, որին Վասակը փախցնում, տանում է Տարոնի կողմերը, և որը հետագայում ժառանգում է իր նախկին հայրենական կալվածքները։ 
Թագավորից ապստամբում և Պարսկաստան են ապաստանում Արծրունյաց նախարարական տան նահապետ Մեհրուժանը և նրա քրոջ ամուսին Վահան Մամիկոնյանը։
----------------------------- 
1 Զանազան մթերքներ պահելու շենք, շտեմարան։
ՎԱՍԱԿ
ՆԵՐՍԵՍ
ՄՈՒՇԵՂ
ՀԱՄԱԶԱՍՊ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել