1in.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանը երեկ Մշակույթի նախարարություն կատարած այցելության ընթացքում անդրադարձել է նաև Ալիևի հետ Վիեննայի հանդիպմանը: Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, այդ հանդիպմանն անդրադառնալու այլ ֆորմատ չի գտել, կամ էլ ընտրել է հենց Մշակույթի նախարարությունն այն պատճառով, որպեսզի ցույց տա, որ Վիեննայում տեղի ունեցածն, ըստ էության, մի բան չէ, մեծ բան չէ: Դրա համար էլ ընտրվել է, այսպես ասենք, համարժեք նախարարություն:

Հանդիպման մասին Սերժ Սարգսյանի գնահատականներն էլ, ըստ էության, լրացրել են այդ արտաքին ակնարկը: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանն ասել է, որ Ալիևի մոտ տեսել է ցանկություն, սակայն մի բան է, թե ինչ է ցանկանում Ալիևը, և մի բան է իր ցանկությունը: Խոսքը, բնականաբար, վերաբերում է ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակներին: Առայժմ Ալիևը Վիեննայի հանդիպումը կարծես թե չի մեկնաբանել: Սովորաբար, մեկնաբանություններում առավել ակտիվ էր լինում ադրբեջանական կողմը, իսկ հայկական կողմը լինում էր, այսպես ասած, արձագանքող դիրքերում: Այս անգամ կարծեք թե հայկական կողմն է «նախաձեռնողականություն» ցուցաբերում:

Ընդ որում` դա վերաբերում է ոչ միայն հանդիպումից հետո գնահատականներին ու արձագանքներին, այլ նաև հենց հանդիպման ընթացքում տեղեկատվական հոսքին: Հայաստանի նախագահի մամուլի խոսնակի օպերատիվությունը արձանագրել էին նույնիսկ ադրբեջանցիները` քննադատելով իրենց նախագահի մամուլի խոսնակի աշխատանքը կամ աշխատանքի բացակայությունը: Այս «նախաձեռնողականությունը» ղարաբաղյան բանակցային գործընթացում հայկական կողմի համար մարտավարական, թե ռազմավարական նորարարություն է, թե` ոչ, ժամանակը ցույց կտա, բայց որ նորարարություն է՝ հաստատապես, քանի որ նման օպերատիվությամբ հայկական կողմը աչքի չէր ընկել երբեք:

Մյուս կողմից` շատ հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանը Ալիևի հետ հանդիպման մասին գնահատականներ է հնչեցնում Սանկտ Պետերբուրգում Էրդողանի հետ Պուտինի հանդիպումից ժամեր անց: Այդ հանդիպմանը շոշափվել էր ղարաբաղյան խնդիրը, և Էրդողանը հայտարարել էր, որ միասին շատ բան ունեն անելու և բանակցությունների միջոցով կարգավորման ընդհանուր հիմքեր ձևավորել են: Եվ ահա, այդ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը Երևանում հայտարարում է, որ ինքն էլ, Ալիևն էլ ուզում են արագ կարգավորեն խնդիրը, սակայն ինքը մի բան է ուզում, Ալիևը ուզում է մեկ այլ բան:

Այսինքն` Սերժ Սարգսյանը, ըստ էության, ցույց է տալիս, որ կարգավորումը հեռու է, այսինքն` Սերժ Սարգսյանն, ըստ էության, մերժում է ինչ-որ բան, ինչ-որ բանի վերաբերյալ իր անհամաձայնությունն է հայտնում Էրդողան-Պուտին հանդիպումից մի քանի ժամ հետո: Ասել կուզի` Սերժ Սարգսյանի խոսքերը, ըստ էության, երևի թե ոչ այնքան իր և Ալիևի հանդիպման մասին էին, ինչքան Պուտինի և Էրդողանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել