Դուք արևամո՞ւտն եք սիրում,
Թե արևածագը…
Ձեզ չեմ հասկանում` վազող տարիներ,
Ես հիմա սրտատրոփ եմ սպասում
Ձեզ՝
Արևի նորածին լույսեր…

Միշտ էլ գեղեցիկ է եղել վերջալույսը,
Արևը մեկնված հորիզոնին,
Ձեռքերումդ կծկված մեկ օրվա հույսը
Խոստումներ է տվել 
դատարկ ու սին…

Կյանքն ունի իր սեփական
Արշալույսը…
Ունի իր վերջալույսը՝ մահիկ,
Աչքերիդ մեջ խառնվում է մտքերի խուրձը,
Տարիներն էլ ջնջում են 
հույսի
Ոտնահետքերը մանրիկ…

… Հիմա արևի ծնունդն է դուր գալիս,
Ով մարդ արարած
Նրբանկատ ես դու…
Թեպետ տարիներդ հասել են հեռու,
Խաչմերուկներին կենաց ու մահու…

գուցե դեռ կյանքի վերջը հեռու է,
ինչո՞ւ ես նյարդերդ լարել իրար դեմ,
Բղավի՛ր մարմնիդ ողջ ծավալով մեկ,
Մեկնվի՛ր հորիզոնի վարսերին թափված,
Կյանքի վերջալույսերը 
Գեղեցիկ են - վեհ…
Հույսի հետքերը մարմնովդ փակիր,
Որ էլ չջնջեն տարիներդ խև…

Դու իրոք գեղեցիկ ես անցյալիդ նման,
Քո ձայնից երկաթն է ծռվում
Կյանքի պես,
Կյանքի վերջալույսը
Հրաշք է, հավատ,
Ով մարդ արարած
Գեղեցիկ գնա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել