Ինչպես հայտնի է, Իջևանի Վազաշեն գյուղից դեպի Շամշադինի Պառավաքար գյուղը տանող ճանապարհը ներկայումս փակ է։ ՊՆ-ը, միանգամայն իրավացիորեն, երթևեկությունն արգելել է՝ նկատի ունենալով հակառակորդի կողմից դիմահար կրակոցների հնարավորությունը, վերջերս տեղի ունեցած իրադարձությունները։ Դեպի Շամշադին տանող ևս 2 ճանապարհ կա. Ճամբարակ-Բերդ և Իջևան-Իծաքար-Բերդ։ Առաջինը նույնպես վտանգավոր է. անցնում է հակառակորդի սահմանին կպած, վատ վիճակում գտնվող ասֆալտ է։ Իջևան-Իծաքար-Բերդ ճանապարհն անտառի միջով անցնող, հուսալի, կրակակետերից հեռու գրունտային ճանապարհ է, որը գործարկել եմ 1993-ին՝ մի քանի ամսում։ Կյանքը ցույց տվեց, որ պատերազմի ժամանակ միայն այս ճանապարհը կենսունակ դուրս եկավ։ Բոլոր քաղաքացիական ու ռազմական մատակարարումներն արվում էին այս ճանապարհով։ Երբ 2005-ին (լավ չեմ հիշում թիվը, գուցեև 2004-ին էր կամ 2006-ին ) սկսեցին վերանորոգել Իջևան-Վազաշեն-Պառավաքար ճանապարհը (մոտ 30 կմ է և մի 30 մլն դոլար ծախսած կլինեն), մամուլում հանդես եկա կոչով, որ ճիշտը Իծաքարով գնացող ճանապարհն է։ Ի վերջո, փորձ ունեի, չէ՞։ եթե այդ ճանապարհը 1993-ին Պավել Կորչագինի եռանդով կառուցած չլինեինք, չէինք հաղթելու։ Բա ինչո՞ւ հաղթանակները եղան 1993-ից սկսած։ Քոչարյանն անտեսեց մեր կոչը։ Ի վերջո, հսկայական գումար ծախսվեց։ Տեսնում ենք, որ իզուր։ Նույն տրամաբանությամբ առաջարկում էինք այլ լուծում տալ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս հատվածին։ Նորից չլսեց։ Փողերն էլի վարի տվեցին։ Նույնը դեպի Մեղրի, կարծեմ, երկրորդ անիմաստ ճանապարհի շինարարությունն է։ Մեռանք ասելով, այնտեղ թունել է պետք թունել։ Հիմա, ո՞ւմ է պետք այս Հյուսիս-Հարավը։ Ո՞ր բեռների համար։ Չ՞է որ դեպի Գյումրի կամ դեպի Արարատ ճանապարհը նորմալ է եղել։ Չ՞է որ դրանով ոչ մի ռազմավարական հարց չի լուծվում։ Երկրի պարտքն ավելացավ ևս 500 մլն դոլարով։ Երևում է վարչապետն ու իր թիմն այլ կերպ են մտածում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/620462138011308
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել