Lragir.am-ը գրում է.
Երամիությունը մնում է Հայաստանի հետ համագործակցող և Վիլնյուսի գագաթնաժողովից հետո փորձելու է գտնել Հայաստանի հետ համագործակցության ուղիներ, որոնք համապատասխանում են ՀՀ նպատակներին: Այս մասին այսօր «Վարշավայից դեպի Վիլնյուս. Հայաստան և Վրաստան» խորագրով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Նա նշեց, որ նմանատիպ գագաթնաժողովներ կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ, և այն պետք է արձանագրի կարևոր զարգացումներ ԵՄ գործընկերներ պետությունների հետ համագործակցության գործընթացում:
Դեսպանը նշեց, որ հույս ունի՝ Վիլնյուսի գագաթնաժողովում Մոլդովան ու Վրաստանը նախաստորագրելու են ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Նա նշեց, որ Հայաստանի հետ ԵՄ-ն արդեն ստորագրել ու վավերացրել է վիզաների դյուրացման ու հետընդունման համաձայնագիրը, իսկ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը ԵՄ-ն հարգում է:
Տրայան Հրիսթեան միաժամանակ նշեց, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին՝ մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության և կառավարման ոլորտներում բարեփոխումների հարցում:
«Մենք ցանկանում ենք ապահովել, որ քաղաքացիների ձայնը Հայաստանում լսելի դառնա, քաղաքացիական հասարակության ձայնը շատ կարևոր է քաղաքական որոշումների ընդունման հարցում: ԵՄ շարունակելու է փնտրել Հայաստանի հետ համագործակցության ուղիներ, որոնք համապատասխանում են Հայաստանի նպատակներին»,- ընդգծեց նա: