1) -Ո՞ր տոներն ես սիրում:
-Բոլորը, մենակ թե մեռելոցը չհաջորդի:

2) -Ո՞ր ուտելիքն ես սիրում:
-Ամեն ինչ, էնքան ա քելեխի սեղանին դրված չլինի:

3) -Ո՞ր բառերն ես սիրում գործածել:
-Բոլոր բառերը, բացի անկենդաններից:

1. «Մեռելոց հիշատակին նվիրված օրը հաջորդում է հայկական եկեղեցու հինգ տաղավար տոներից յուրաքանչյուրին: 2013-ին Հայաստանում մեռելոցի օրերը կլինեն ոչ աշխատանքային»:

Կասեք` դարավոր ավանդույթ է, հարգենք… Իսկ ես կասեմ` խավարի հերթական մնացուկ… ՄԵՌԵԼՈՑ` երկրով մեկ, այն էլ տարին մի քանի անգամ: Որ ի՞նչ: Հանգուցյալները թող հանգստանան հանգստարանում: Մեր հարազատներին հիշենք նեղ անձնական շրջանում, տարին մեկ անգամ կամ մեզ համար հատուկ կամ նվիրական օրերին: Ընտանիքո՛վ: Ո՛չ երկրով մեկ: Ո՛չ տարին մի քանի անգամ: ՄԵՌԵԼՈ՜Ց… բառն ինքն էլ ահավոր է…

2. Երեխա ժամանակս հա ուզում էի հասկանալ` էդ ի՞նչ կերակրատեսակ է ՔԵԼԵԽ-ը (տնից-տեղից հեռու): Մեծահասակներին հարցնում էի, բոլորը վրես ջղայնանում էին, ու տենց էլ մնում էի անտեղյակ, հետաքրքրությունս էլ ավելի էր սրվում…  Հիմա մեծահասակներին հասկանում եմ…

3. Արևելահայերենում դեռ XIX դարից ապրում ու շնչում են ԱՆԱՆԱՍ-ը, ՇՈԿՈԼԱԴ-ը, ՍՈՆԵՏ-ը ու բազմաթիվ այլ օտար ծագման բառեր: Սրանք կենդանի բառեր են ու վաղուց քաղաքացիություն են ստացել բոլոր չափանիշներով: Հիմա փորձեր են արվում սրանց փոխարեն կամ սրանց կողքին մեջտեղ բերելու ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐ, ՏՈՒՐՄ, ՀՆՉՅԱԿ և այլ անկենդան ու շինծու բաներ: Հիմա կասեք` արևմտահայերենում սրանք գործածվում են, ի՞նչ կլինի մենք էլ գործածենք: Պատասխան. 1) չի լինի, քանի որ հարկ չկա. ինչու՞ գործածենք, եղած բառերն ինչո՞վ չեն բավարարում. 2) ամենայն հարգանքով արևմտահայերենի ու մեր աշխարհասփյուռ հայության նկատմամբ` արևմտահայերենը արևելահայերեն չէ: Այդ բառերը կարող են կենդանի լինել արևմտահայերենում, բայց նրանք ԱՆԿԵՆԴԱՆ են արևելահայերենում: Եկեք մեր լեզուն չդարձնենք անկյանք բառերի հանգստարան (չասեմ մեռլատուն, որ սխալ չհասկացվի): 

Մի խոսքով` ամեն ինչի ԿԵՆԴԱՆԻ (живой)-ն եմ նախընտրում: Բայց մենակ թե մարդը ԿԵՆԴԱՆԻ (животное) չլինի… 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել