1in.am-ը գրում է.
Լիբիական զինված երկու խմբավորումների հրամանատարներ հայտարարել են, որ հետ են կանչել իրենց ստորաբաժանումները երկրի մայրաքաղաքից: Նման որոշում կայացվել է Տրիպոլիի խաղաղ բնակիչների բողոքի ակցիայի կապակցությամբ, որոնք նոյեմբերի 15-ին ավարտվել են բախումներով, որոնց հետևանքով զոհվել է 40 մարդ՝ հաղորդում է Naharnet-ը:
«Մեր ստորաբաժանումները հեռանում են այստեղից դեպի հարավային սահմանում իրենց անցակետերը»,- հայտարարել է ջոկատներից մեկի հրամանատարը: Նրա խոսքով՝ մայրաքաղաքից դուրս է բերվել ամբողջ ռազմական տեխնիկան, այդ թվում՝ տանկերը:
Տրիպոլիից հեռացել են նաև մեկ այլ ջոկատի անդամները, որոնք տեղակայված են եղել Զինթան քաղաքում՝ երկրի հյուսիս-արևմուտքում: Հենց այս խմբավորումն է ակտիվ մասնակցություն ցուցաբերել 2011թ. Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ պայքարում: Աշխարհազորայինների ղեկավարները հայտարարել են, որ լքում են կառավարական շենքերը, որոնք զբաղեցրել են 2011թ. օգոստոսին մայրաքաղաք ներխուժելուց հետո: