Վենետիկի հանձնաժողովն էլ կարող է իր դրական եզրակացությունը տալ «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրենքին, բայց եթե հասարակությունը դժգոհում է և հիմնավորում, որ պատրաստ չէ այսօր իր ուսերին վերցնել այդ «բարեփոխումների» բեռը՝ նշանակում է, որ այստեղ անելիք ունենք բոլորս: Երբ Հայաստանում այսօր նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղն ավելի քան 55 հազար դրամ, երբ Հայաստանում բնակչության 1/3-ն աղքատ է, իսկ ՀԲ տվյալներով՝ մեր երկրում բնակչության 32,5 տոկոսն ապրում է աղքատության շեմից ցածր, այս պայմաններում անհամոզիչ է թվում պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի ներդրման վերաբերյալ ցանկացած հիմնավորում: Կառավարությունում կարող են ասել, որ օրենքի նախագիծը երկար տարիների ճանապարհ է անցել, որ բուռն քննարկումներ են տեղի ունեցել, որ հանրությունն էլ իրազեկված է եղել, այո, չի բացառվում, որ կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը, մինչև շրջանառության մեջ մտնելը, մի քանի տարվա ճանապարհ էլ ունենար անցնելու, բայց անցած ճանապարհն ամենևին էլ երաշխիք չէ, որ օրենքում չեն լինի վիճահարույց դրույթներ: Իսկ որ պարտադիր կենսաթոշակային բաղադրիչն այդպիսիններից է՝ անվիճելի է, քանի որ օրենքի ընդունման դեպքում՝ հունվարի 1-ից մինչև 40 տարեկան աշխատող քաղաքացին ստացած աշխատավարձից միջինը 5 տոկոս կուտակելու է իր հաշվին: Իսկ սա ենթադրում է, որ նա 2014 թվականին ապրելու է ավելի վատ, քան այսօր: Մինչդեռ, օրենքին ընդդիմացողներն ընդամենը պահանջում են չնսեմացնել իրենց` առանց այն էլ ոչ նախանձելի սոցիալական պայմանները:



