10 Ռոնգոռոնգո

Թեպետ շատերը գիտեն Զատիկի կղզու մոայիների մասին, սակայն Զատիկի կղզու հետ կապված մյուս գաղտնիքը` ռոնգոռոնգոյի լեզուն, քչերին է հայտնի: Ռոնգոռոնգոն հիերոգլիֆային գրավոր լեզու է, որն օգտագործվել է կղզու վաղ շրջանի բնակիչների կողմից: Ռոնգոռոգոն յուրօրինակ է այն պատճառով, որ հարևան ժողովուրդներից ոչ մեկը գրավոր լեզվական համակարգ չուներ: Ռոնգոռոնգոն ծագել է 1700-ականներին, սակայն դժբախտաբար այս լեզուն վերացել է` եվրոպացի գաղութատերերի կողմից արգելվելուց հետո:
9 Հելիկեի կորուսյալ քաղաքը
Մ.թ. 2-րդ դարում հույն գրող Պավսանիասը գրեց, թե ինչպես մի գիշերվա մեջ հզոր երկրաշարժը ավերեց Հելիկե քաղաքը, ինչից հետո ցունամին կրկնապատկեց ավերածությունները: Այս քաղաքը ծովի աստված Պոսեյդոնին նվիրված պաշտամունքի կենտրոն էր: Մինչև 1861 թ. այս քաղաքի լեգենդար բնակչության մասին հիշատակումներ հայտնաբերվում էին միայն հին հունական գրություններում: 1861 թ.-ին մի հնագետ հայտնաբերեց մի բրոնզե մետաղադրամ, որի վրա պատկերված էր Պոսեյդոնի գլուխը: Ներկայումս մի խումբ հնագետներ ուսումնասիրություններ են կատարում և փորձում պարզել, թե ինչպես է ծաղկել և փլուզվել այս քաղաքը:
8 Ճահճուտների դիակները

Այս գաղտնիքի բացահայտումը հեշտ չէր լինի անգամ ամենահմուտ հետախույզների համար: Ճահճուտների դիակները հնագույն աճյուններ են, որոնք հայտնաբերվել են թաղված Հյուսիսային Եվրոպայի ճահճուտներում: Այս դիակները զարմանալիորեն լավ են պահպանվել: Դրանց մի մասը 2000 տարվա վաղեմություն ունի: Որոշ դիակների վրա հայտնաբերվել են չարչարանքի նշաններ, ինչը ստիպում է որոշ գիտնականների ենթադրել, որ նրանք զոհաբերվել են միջնադարյան կրոնական ծիսակատարությունների ժամանակ:
7 Մինոյական քաղաքակրթության անկումը
Պատմաբանները հիմնականում անդրադառնում են Հռոմեական Կայսրության անկմանը, սակայն Կրետե կղզում բնակվող մինոական քաղաքակրթության անկումը նույնքան ուշագրավ գաղտնիք է: 3500 տարի առաջ հսկայական հրաբխային ժայթքում եղավ Կրետեի հարևանությամբ գտնվող Տիրա կղզում, որից նաև Կրետեն ցնցվեց: Հնագետները նշում են, որ մինոացիների քաղաքակրթությունը անհետացել է ժայթքումից 50 տարի հետո միայն: Ասում են, որ քաղաքակրթության անհետացման պատճառը հրաբխային մոխիրն է, որը սփռվել էր կղզով մեկ և ապականել բերքը: Կա մի այլ տեսակետ ևս` ըստ որի, հույն զավթիչներն են տապալել մինոացիներին:
6 Կարնակական քարեր
Բոլորն էլ լսել են Սթոունհենջի մասին, սակայն քչերը գիտեն կարնակական քարերի մասին: Սրանք 3000 մեգալիթ քարեր են, որոնք գեղեցիկ շարքերով դասավորված են Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում` 12 կմ տարածության վրա: Այս քարերի շուրջ հյուսված առասպելներում նշվում է, որ յուրաքանչյուր քար հռոմեական լեգեոնի զինվոր է, որին Մերլին կախարդը վերածել է քարի: Գիտնականները նշում են, որ այս քարերն ամենայն հավանականությամբ օգտագործվել են որպես երկրաշարժների դետեկտորներ: Մինչ օրս էլ հայտնի չէ, թե ովքեր են ստեղծել այդ քարերը:
5 Ո՞վ էր Ռոբին Հուդը

Առասպելական գող Ռոբին Հուդի ինքնությունը պարզելու համար մի շարք պատմական ուսումնասիրություններ են կատարվել: Որոշ պատմաբաններ նշում են, որ իրականում Ռոբին Հուդը Յորքշիրի փախստական Ռոբերտ Հոդն է` հայտնի նաև Հոբհոդ և Ռոբերտ Հուդ անուններով: Ժամանակի հետ Ռոբին Հուդի ինքնությունը պարզելն ավելի բարդացավ, քանզի «Ռոբին Հուդ» անունն օգտագործվում էր իբրև «օրինազանց» բառի հոմանիշ և բազում հանցագործների դիմում էին հենց այդ անունով: Մինչ օրս էլ չի հաջողվել ճշգրտորեն պարզել այս հանցագործի ինքնությունը:
4 Անհետացած հռոմեական լեգեոնը

Այն բանից հետո, ինչ Պարթև Արշակունիները հաղթեցին հռոմեացի զորավար Մարկոս Լիկինիոս Կրասոսի բանակին, պատերազմի գերիների մի փոքր խումբ անապատով մեկ թափառեց և 17 տարի անց ի վերջո միացավ Հանի բանակին: Առաջին դարի չինացի պատմաբան Բան Գուն գրել է մոտ 100 մարդուց կազմված տարօրինակ բանակի հետ բախման մասին: Ենթադրվում է, որ 100 հոգանոց բանակը հենց հռոմեացի զինվորներից է բաղկացած եղել: Օքսֆորդի պատմաբաններից մեկը, ով ուսումնասիրել է հնագույն աշխատությունները, պնդում է, որ ջլատված ու մարդկանց աչքից անհետացած հռոմեական լեգեոնը Գոբի անապատի մոտ հիմնադրել է մի փոքր քաղաք, որն անվանվել է Լիքիան, որը չինարենից թարգմանաբար նշանակում է Հռոմ: ԴՆԹ թեստեր են անցկացվում` պարզելու համար, թե որքանով են այս պնդումները հիմնավոր:
3 Վոյնիչի ձեռագիրը

Վոյնիչի ձեռագիրն անհայտ հեղինակի անծանոթ լեզվով միջնադարյան խորհրդավոր գիրք է։ Շուրջ մեկ դար շարունակ մարդիկ փորձել են վերծանել այդ լեզուն, սակայն ապարդյուն: Ձեռագրի պահպանված էջերը թերթելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն դեղագիտական գիրք է, որտեղ շոշափվում են միջնադարյան բժշկության համար արդիական թեմաները: Ձեռագրի ծագման և բովանդակության վերաբերյալ բազմաթիվ տեսություններ կան: Գրքի նկարազարդումներից դատելով՝ այն բաժանվում է 6 մասի՝ բուսական, աստղագիտական, կենսաբանական, տիեզերագիտական, դեղագործական մասեր և բաղադրատոմսեր:
2 Թարիմի մումիաներ

Չինաստանի արևմուտքում գտնվող Թարիմ ավազանում 1990-ականների սկզբներին հայտնաբերվել են 2000 տարվա վաղեմություն ունեցող մուիմիաներ: Ամենից ապշեցուցիչն այն փաստն է, որ մումիաները շեկ էին և երկար քթեր ունեին: 1993 թ.-ին համալսարանի դասախոս Վիկտոր Մեյերը մումիաներից ԴՆԹ վերցրեց, և նրա թեստերը ցույց տվեցին, որ այս բոլոր դիակները եվրոպական ծագում ունեին: Չինական հինավուրց տեքստերում հիաշտակվում են եվրոպոիդների մասին, սակայն այդ տեքստերից և ոչ մեկում չի պարզաբանվում, թե ինչու են այդ մարդիկ հասել այնտեղ և թաղվել ճահճուտներում:
1 Հարապպայի քաղաքակրթության անհետացումը

Հարապպայի քաղաքակրթությունը կամ Ինդոս հովտի ժողովուրդը Հնդկաստանի ամենահին քաղաքակրթություններից է: Նրանք բնակվում էին Արևմտյան Հնդկաստանից մինչև Աֆղանստան ընկած տարածքում: Բնակչության թիվը հասնում էր մոտ 5 միլիոնի: Նրանք բավականին զարգացած էին և նախանձախնդրորեն հետևում էին հիգիենայի պահպանմանը: Նրանք ունեին կոյուղի և լոգարաններ: Պատմական ապացույցներ չկան, որոնք կվկայեին Հարապպայի քաղաքակրթության բանակի, ստրուկների կամ հակամարտությունների մասին: Պարզ չէ նաև, թե ինչպես է այս քաղաքակրթությունն անհետացել:



