Վարդան Պետրոսյանի քրեական գործով սկանդալային հայտարարությունները չեն դադարում: Հիմա հիմնական զարգացումները ծավալվում են քննիչի անվան շուրջ, ում նկատմամբ Պետրոսյանի փաստաբանը ոչ միայն բացարկի միջնորդություն է ներկայացրել, այլև դիմել է ՄԻՊ գրասենյակ՝ տեղեկացնելով իր պաշտպանյալի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորումների մասին:
Բացարկի միջնորդությունը փաստաբանը հիմնավորել է նրանով, որ քննիչը ապատեղեկատվություն է տարածել ԶԼՄ-ներով: Խոսքը մասնավորապես այն բանի մասին է, որ քննիչը հայտարարել է, որ Վարդան Պետրոսյանն իրենից ներողություն է խնդրել, մինչդեռ Պետրոսյանը ոչ միայն ներողություն չի խնդրել, այլև «Դեռասան է, մայմունություն է անում» արտահայտության առնչությամբ թվել է մեծանուն դերասանների անունն էլ և հարցրել է, թե արդյո՞ք նույն արտահայտությունը նրանց մասով էլ կաներ, ինչի քննիչը պատասխանել է, որ այո՛, կաներ: Ի պատասխան` Վարդան Պետրոսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ցուցմունքներ տալ ու համագործակցել քննչական մարմնի հետ, քանի դեռ գործը վարում է այս բռի քննիչը:
Մյուս կողմից, Պետրոսյանի փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին, որովհետև նույն այդ քննիչը, արհամարհելով բժիշկների նախազգուշացումն ու դիրքորոշումը, Պետրոսյանին հիվանդանոցից տեղափոխել է դատարան` չնայած, որ զգուշացված է եղել, որ հիվանդանոցից դուրս, Վարդան Պետրոսյանի մոտ ցավային զգացողությունները անգամներով կավելանան: Ըստ փաստաբանի` սա ոչ այլ ինչ է, քան իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորում:
Այսպիսով, ականատես ենք լինում, թե ինչպես է մեկ քննիչն իր մեջ մարմնավորում բոլոր այն բացասական կարծրատիպերը, որոնք այդքան տարածված են ժողովրդի ընկալման մեջ, երբ խոսքը գնում է իրավապահների մասին: Ախր կարելի՞ էր չէ, մի հատ խելքը գլխին քննիչ ճարել, ոչ թե այս ինկվիզիտորին վստահել հասարակական հնչեղություն ունեցող հարցը, որ հետո ողջ համակարգը խայտառակ չլիներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել