Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» -ն ընթերցելուց հետո:


Ներկայացնում է Աննա Գսպոյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

«Բոլոր կենդանիները հավասար են». սրանք չիրականացված և աբսուրդի հասնող տողեր են: Կյանքը ինքնին անհավասարության և կողմնակալության ասպարեզ է, որտեղ իրենց չաղ բաժինն են ստանում միայն նրանք, ովքեր ամեն ինչ անում են, որ կյանքի որդեգրած միակ ու անբաժանելի «սուրբ» կանոնը լինի հավերժ ու անխափան.

Մէկին հազար ձի և ջորի,
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի...


«Մենըր» ֆերմայում կրքերը բորբոքվեցին այն պահից հետո, երբ ծեր գնդապետ խոզը իր մահվանից մի քանի օր առաջ որոշեց ճառով հանդես գալ: Հենց այդ ճառի գերբնական ուժն էր, որ բոլոր անասունների մոտ արթնացրեց ապստամբելու մեծ ձգտումը՝ միասնական ուժերով անցնել այն խրթին ճանապարհը, որը իրենց կտանի դեպի այդքան երանելի ազատության ու անկախության ձեռք բերմանը:
Հասարակությունը միաշերտ չի կարող լինել, ինչպես և չի կարող լինել հավասար: Հասարակության շերտավորման և անհավասար գոյության պատճառով է, որ առաջանում են պատերազմները, սովը, փառամոլությունը, նախանձը և սպանությունները: Հենց այդ հասարակության վերին շերտում են տեղ զբաղեցնում այն անձինք, ովքեր ծնված են իշխելու և առաջնորդելու համար: Ջորջ Օրվելը իր «Անասնաֆերմա» վիպակով հրաշալի բնութագրել է մարդկային ցեղը, երբ այն իր փառքի գագաթնակետին չի տարբերվում խոզերին բնորոշ մտածելակերպից:
Երբ անասունները հանուն իրենց ազատության և արժանապատվության մարդկային ոհմակի դեմ դուրս ելան, չէին էլ կարող պատկերացնել, որ ապստամբության ընթացքում նրանց մղած կռիվն ու թափած արյունը վերին հարթակում գտնվողների կյանքը բարելավելու և հարստացնելու համար է: Անասունները մինչ ապսամբությունը ստրուկի պես աշխատում և չարչարվում էին մարդկանց սեղանները լիքը պահելու համար, բայց ապստամբությունից հետո նրանք ավելի շատ էին աշխատում ու չարչարվում իրենց անասուն տերերի փորները կուշտ պահելու համար: Այս ֆերմայում ղեկավար դարձան իրենց խելացի և գրագետ կարգող խոզերը: Որդեգրված սկզբունքներն ու ամրագրված օրենքները փուչ դարձան, երբ խոզերը առան մոտալուտ փառքի համը: Իրար ձեռք սեղմած ու ընկերացած անասունները միմյանց նկատմամբ դավեր նյութեցին և թշնամացան: Հավասարության երանելի կանոնը անասունների կողմից մոռացության մատնվեց, երբ նրանք խախտեցին անասնաֆերմայի սրբազան յոթ կանոնները`

1. Բոլոր երկոտանիները թշնամի են:
2. Բոլոր չորքոտանիները կամ թևավորները բարեկամ են:
3. Անասունը երբեք հագուստ չի հագնի:
4. Անասունը երբեք անկողնում չի քնի:
5. Անասունը երբեք ոգելից խմիչք չի օգտագործի:
6. Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի
7. Բոլոր անասունները հավասար են:

Բայց այս ամենը անհեթեթություն է, երբ աշխարհում գոյություն ունեն շահն ու եսասիրությունը: Այս յոթ կանոնները վաղուց ի վեր խախտվել ու անարգվել են նաև մարդկային ցեղի կողմից, որ դարեր շարունակ կերտել է պատմություն, որը ծավալվում է մի թեմայի շուրջ՝ հանուն իշխանության տապալել բոլորին: 
Անասնաֆերմայի ղեկավարը՝ Նապոլեոնը, ով ինքնին դավաճան էր ու փառասեր, իր ծավալած գործողություններով ապացուցեց, որ եթե դու ծնվել ես ստրուկ լինելու համար, ապա ոչինչ քեզ չի օգնի, որ դու դառնաս ստրկատեր:
Եվ այս ամբողջ պատմության մեջ մեղավորը ոչ թե եսապաշտ խոզերն էին ու շողոքորթող շները, այլ այն անասունները, ովքեր անվերապահորեն նվիրված էին ֆերմային, եռանդուն աշխատում էին ու հավատում, որ կգա այն օրը, երբ իրենք ու իրենց սերնդակիցները ավելի լավ կապրեն, քան, երբ չէր սկսվել ապստամբությունը: Բայց ամեն բան վկայում է այն մասին, որ ստորին հարթակում գտնվողները ապստամբելով վիրավորվում և զոհվում են թշնամու կողմից իրենցից վերև գտնվողների կյանքը ապահովագրելու և ստամոքսի սահմանները լայնացնելու համար:
Եվ մեզ նման միամիտ ժողովուրդն է որդեգրել այն համոզմունքը, որ եթե վերևում են, ուրեմն ճիշտ են:

Այո,՛ բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել