Araratnews.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով Ռիտա Սարգսյանն առաջարկել է կենտրոնացնել համայն հայության ջանքերը և աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնք զգում են համապատասխան բժշկության կարիք.
«Հորդորում եմ աշխարհասփյուռ հայության բոլոր ներկայացուցիչներին և բարի կամքի բոլոր մարդկանց միավորել իրենց ջանքերը, որպեսզի հնարավոր լինի երեխա ունենալու բախտ պարգևել խնդիրներ ունեցող հայ ընտանիքներին»,-նշված է Ռիտա Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: Այնտեղ նշված է, որ մեր երկրում կան բոլոր այն հնարավորությունները, որպեսզի հնարավոր լինի հարկ եղած օգնությունը տրամադրել այն ընտանիքներին, որոնք ունեն անպտղության խնդիր: Ռիտա Սարգսյանն այս հայտարարությամբ առաջարկել է օգնություն ցուցաբերել ծնող դառնալու ցանկություն ունեցող, բայց ֆինանսապես չապահովված զույգերին:
Մինչդեռ Սերժ Սարգսյանի տիկնոջ այս հայտարարությունը չի արժանացել «Հայ կանանց ճակատի» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամների հավանությանը: Հիշյալ խումբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Հայ կանանց ճակատի անունից հրավիրում եմ Ռիտա Սարգսյանին Հայ կանանց ճակատի ֆեյսբուքյան էջ՝ իր այսօրվա հարցազրույցների առիթով մասնակցել քննարկման:
Ճակատի կանայք սպասում են այդ հանդիպմանը, քանի որ բազմաթիվ հարցեր ունեն ուղղելու Ռիտա Սարգսյանին: Օրինակ՝ հարցերի հարցը՝ ինչո՞ւ եք Հայաստանը դարձնում բարեգործությամբ գոյատևող երկիր: Ինչո՞ւ եք կարծում, որ Հայաստանի քաղաքացին պետք է աղքատության մեջ ապրի և կարիքի դեպքում դուք՝ հարուստներդ որոշեք, թե ում և ինչպիսի օգնություն և նվիրատվություն ցուցաբերեք: Ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացին պետության կողմից հովանավորված չլինի, նրա կողմից նշանակված ապահովությունը չունենա, այլ մնա ձեր փշրանքներին սպասող: Լավ է չէ՞, երբ բարեգործի անուն եք հանում հազարավոր հիվանդ ու կարեկցանքի արժանի մանուկների միջից մեկ երկուսին բժշկական օգնություն ցուցաբերելով և չորս կողմից գովեստի խոսքերի արժանանալով: Եվ ի վերջո, աղքատություն եք ստեղծում, որ բարեգործությամբ զբաղվե՞ք: Ժողովրդին իր հասանելիքը տվեք, տիկին»:



