1in.am-ը գրում է.
Վանաձորի երկու բուհերում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումները տարբեր մթնոլորտում անցան: Բուհերի միավորման հարցում Մանկավարժականի ու Պոլիտեխնիկի կոլեկտիվների և ուսանողության տարբեր դիրքորոշումներից բացի, ակնհայտ ընդգծված էր նաև նախարար Աշոտյանի վերաբերմունքը: Օրինակ, Պոլիտեխնիկի ուսանողուհիներից մեկի հարցին, թե արդյոք հակասություն չի՞ առաջանում, որ խոսելով ուսանողների շահերից` իրենց պարագայում փաստորեն դեմ են գնում ուսանողների ցանկությանը, քանի որ իրենք, գոհ լինելով իրենց դասախոսներից և բուհի տեխնիկական հնարավորություններից, չեն ցանկանում միանալ Մանկավարժականին, Աշոտյանը պատասխանեց՝ հորդորելով նրան չասել «բացարձակ բաներ»:
«Ազնիվ խոսենք, չի կարող այսօր ուսանողը ամբողջությամբ գոհ լինել որևէ բուհում իր ստացած կրթությունից, որովհետև կրթության համար ամբողջական վերջնական պայմանները ձևավորված չեն, որովհետև դասախոսական անձնակազմի աշխատավարձերը դեռևս այնքան բարձր չեն, որ լավագույն դասախոսները գան՝ աշխատեն, կոռուպցիոն ռիսկերից էլ մաքսիմալ հեռու մնան: Ես շատ լավ գիտեմ` որ բուհում, որ մասնաճյուղում ինչպիսի խնդիրներ կան: Հավատացնում եմ, որ ոչ միայն ես լավ գիտեմ: Շատ լավ գիտեմ, խորքից գիտեմ, տարբեր խորքերից գիտեմ»,-ասաց նախարարը, ապա հավելեց, թե Պոլիտեխնիկի ուսանողներից նամակ է ստացել, որտեղ գրված է, որ դասախոսներն իրենց ստիպում են դուրս գալ ցույցի, իրենք չեն ուզում ստորագրություններ տալ, ինչին դահլիճն արձագանքեց՝ ասելով, որ դա սադրիչների ձեռքի գործն է:
Իսկ Մանկավարժական ինստիտուտում փոխադարձ ջերմ մթնոլորտ էր: «Եկել եմ ձեզ ևս մեկ անգամ լիցքավորելու, նաև լիցքավորվելու ձեր էներգիայով, ձեր ներուժով, ձեր պատրաստակամությամբ, որովհետև, այո, դժվար է լինելու, առաջին մեկ-երկու տարին դժվար է լինելու՝ մինչև ծրագրերը թարմացվեն, մինչև դասախոսական կազմի վերապատրաստումներ կատարենք, ուսումնական գրականությունը ապահովենք: Ցավոք սրտի, լավ գործերը դժվար է անել, բայց ես գիտեմ, որ մենք միասին այս գործը անելու ենք»,- Մանկավարժական ինստիտուտում իր ելույթի խոսքում նշեց նախարար Աշոտյանը: