1in.am-ը գրում է.
Կառավարությունը որոշել է բարձրացնել Հայաստանի մրցունակությունը զբոսաշրջային շուկայում, ինչի համար մշակել է ծրագիր: Բանն այն է, որ ըստ Զբոսաշրջության մրցունակության համաթվի` 2013 թվականին Հայաստանի դիրքը 11 տեղով բարձրացել է 2011 թվականի հետ համեմատ և զբաղեցրել 79-րդ է 140 երկրներից: Զեկույցում աճի տեմպով Հայաստանը 1-ին տեղում է Վրաստանի և ԱՊՀ երկրների շարքում, իսկ 140 երկրների շարքում 2-րդը` Ֆիլիպիններից հետո:
Սակայն բնական միջավայրի որակի (127-րդ տեղից 118-րդ տեղը) և ոստիկանությանը վստահելիության աստիճանի ցուցիչներով (112-րդ տեղից 91-րդ տեղը) Հայաստանը դեռևս ցածր դիրքերում է: Զեկույցում վատթարացում է արձանագրվել հատկապես շրջակա միջավայրի օրենսդրության խստության և կիրառման ցածր մակարդակի (100-րդ տեղից 120-րդ տեղը), զբոսաշրջիկների ներգրավմանն ուղղված մարքեթինգի արդյունավետության (98 տեղից 106-րդ տեղը), օդային հաղորդակցության երկկողմ համաձայնագրերի սահմանափակ քանակի (91-րդ տեղից 109–րդ տեղը), զբոսաշրջության արդյունաբերության կայուն զարգացման (105-րդ տեղից 103-րդ տեղը), հյուրանոցային համարների քանակի (109-րդ տեղից 111-րդ տեղը) դիրքերի առումով: 2011 թվականի հետ համեմատ Հայաստանն էապես զիջել է դիրքերը ավիատոմսերի հարկեր և օդանավակայանի վճարներ ցուցանիշով (67-րդ տեղից 128-րդ տեղը):
Կառավարությունը առաջիկա նսիտին հավանության կարժանացնի ծրագիրը, որը կնպաստի «Համաշխարհային զբոսաշրջության և ճամփորդության մրցունակության զեկույցում» Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավմանը և զբոսաշրջության մրցունակության համաթվով Հայաստանի առաջընթացին: Ծրագրով մասնավորապես նախատեսվում է Հայաստանի ներդրումային միջավայրի և դրա առավելությունների ներակայցում ներդրողներին, գործող ազատ տնտեսական գոտիներում շահագործողների ներգրավում, հայտնի միջազգային բրենդերի հետ` Հայաստանում ներդրումներ կատարելու ուղղությամբ աշխատանքների իրականացում, Հայաստանում ներդրումային ֆորումի կազմակերպում և այլն: