Chakatagir

Մարդկանց միշտ էլ հուզում են ճակատագիր հասկացության հետ կապված հարցերը: Եկեղեցական հեղինակները ևս անդրադարձել են այս թեմային` հերքելով ճակատագրի առկայությունը մարդկային կյանքում և հաստատելով ազատ կամքի իրողությունը: Քրիստոնեական ուսուցումներից մեկը` նախասահմանության մասին վարդապետությունը, բավականին նման է ճակատագրի հասկացությանը, սակայն հեթանոսական հավատալիքների կամ սնոտիապաշտության ոլորտը կարող ենք անցնել` նախասահմանությունը նույնացնելով ճակատագրի հետ: Նախասահմանության մասին խոսում է Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված թղթում. «Նրանց, որ առաջուց գիտեր, նախասահմանեց կերպարանակից լինելու Իր Որդու պատկերին, որպեսզի Նա լինի անդրանիկը բազում եղբայրների մեջ, և որոնց որ նախասահմանել էր, նրանց էլ կանչեց, և որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց, և որոնց որ արդարացրեց, նրանց էլ փառավորեց» (9.29-30): Այսինքն, Աստված ի սկզբանե արդեն նախասահմանել էր այն մարդկանց, ովքեր պիտի քրիստոնյա լինեին, և նրանց, ովքեր պիտի արդարացվեն ու փառավորվեն:

 Բողոքականության հիմնադիրներ Լյութերը և Կալվինը այն տեսակետն առաջ քաշեցին և հաստատեցին բողոքական վարդապետության մեջ, որ ամեն ինչ տեղի է ունենում Աստծո ծրագրի համաձայն, և մարդն իր ազատ կամքով չի կարող հակադրվել աստվածային նախասահմանված ծրագրին: Հետևաբար, ըստ բողոքականների, Աստծո նախասահմանումով քրիստոնյաներն արդեն իսկ փրկված են, քանի որ քրիստոնյաների հավատքը վկայում է, որ նրանք ընտրված են փրկության համար Աստծո ծրագրով, և փրկության համար կարևոր է հավատքը, և ոչ թե` գործերը:

 Կաթոլիկները, փրկության համար առավելաբար նաև գործերի կարևորությունը շեշտելով` բողոքականների վերոնշյալ վարդապետությունը նողկալի են համարում` պնդելով, որ ոչ ոք չի կարող վստահ լինել իր վերջնական փրկության արժանանալու մեջ, բացի այն դեպքից, երբ Աստված դա հայտնում է առանձնահատուկ հայտնությամբ: Որպես օրինակ բերվում է Քրիստոսի խաչելության ժամանակ աջակողմյան ավազակին տրված լուրը, թե նույն օրն իսկ դրախտում պիտի լինի (Ղուկ. 23.-43): Կաթոլիկ Եկեղեցու մեծագույն սրբերից երանելի Օգոստինոսը նախասահմանությունը նույնացնում է Աստծո նախագիտության կամ ամենագիտության հետ, որով էլ Աստծո կողմից մարդկանց արդարացման և փառավորման նախասահմանելը նշանակում է, որ Աստված Իր ամենագիտությամբ գիտի, թե ովքեր պիտի արժանանան այդ պարգևներին: Այս ճանապարհին մարդն առաջ է շարժվում իր ազատ կամքով: Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանն իր «Տեղիք աստվածաբանության» աշխատության մեջ մեկ այլ տեսանկյունով է բացատրություն տալիս Աստծո կանխագիտության և նախասահմանության մասին: Նա տարբերակում է դնում այդ երկուսի միջև` պարզաբանելով, որ Աստծո կանխագիտությունը երբեք պատճառ չէ մարդու ազատ կամքի սահմանափակման կամ ազատ կամքի վրա բռնանալու: Այլ Աստված գիտի, թե ովքեր պիտի արժանի լինեն Իր շնորհներին և իրենց բանականությունն ու ազատ կամքը ճիշտ գործածելով` պիտի ընդունեն այդ շնորհները և նրանցով արդարանան ու փրկվեն:

 Աստված նախատեսում է ամեն ինչ, բայց չի նախասահմանում ամեն ինչ. Աստված նախասահմանում է այն բաները, որոնք մեր կամքից չեն կախված, և կապ ունեն Աստծու հավիտենական և ընդհանուր ծրագրի հետ: Պողոս առաքյալի խոսքերի հետ ներդաշնակ լինելով` կարելի է ասել, որ Աստված, քանի որ գիտեր, թե ովքեր իրենց ընթացքով պիտի փրկության արժանանան, այդ իսկ պատճառով էլ Իր նախագիտությամբ այդպիսիններին նախասահմանեց արդարացման և փառավորման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել