Բարև…

Մարդկության 90 %-ը, եթե ոչ ավելին, ակտիվ է ինտերնետային ցանցում ոչ միայն սոցցանցերի, այլև նորությունների և բլոգոսֆերայի շրջանակներում: Ես էլ բացառություն չեմ և ազատ ժամանակս նվիրում եմ աշխարհի և ընդհանուր երկրիս նորությունները ընթերցելուն, ինձ հետաքրքրող բլոգներն ու բլոգ-նորությունները քրքրելուն: Այն, ինչ այսօր ինձ նյարդայնացրեց, միգուցե շատ վաղուց է սկսվել ու ամրապնդել իր դիրքերը, սակայն ինձ խիստ անհանգստացնում է մարդկանց ինտելեկտի, մտածողության ու վերաբերմունքի չափանիշները:

Իհարկե, առաջին հերթին ինքս կարդում եմ առավելագույն դիտումներ հավաքած նյութերն ու գրառումներն ու…. ապշում եմ: Միասեռականներ, սեքս, ինչպես անել, որ տղան կամ աղջիկը սիրահարվի քեզ, ինչու Քրիստինե Պեպելյանը բարեգործական համերգին չմասնակցեց, Մայլի Սայրուսը կրկին բեմում մերկացել է և այլ նմանատիպ էժանագին հոդվածներ, որոնք հավաքում են ոչ պակաս, քան 15000 դիտում: Շարունակում եմ ուսումնասիրել այլ նորություններ. 4-ամյա, 5-ամյա, 3-ամյա կամ էլ ավելի փոքր երեխային անհրաժեշտ է օգնություն, քանի որ վերջին հույսերն են արդեն մարում, խնդրում են բարեգործություն անել ու նվիրաբերել որոշակի գումար, իսկ դիտումները հազիվ են անցնում 100-ի քանակը: Եզրակացություն. մենք անտարբեր ենք այն ամենի հանդեպ, ինչն իրոք արժանի է ուշադրության: Նմանատիպ հոդվածներ ու հայտարարություններ կարդալիս առաջնահերթ «հիշում եմ»  Առողջապահության նախարարությանը` իր ողջ աշխատակազմով:  Մի՞թե հնարավոր չէ, կամ միջոցներ չունեք անչափահաս անօգնական երեխաներին համապատասխան գումար կամ բուժում տրամադրելու: Չե՞ք վստահում ծնողներին, փառք Աստծո, այսօր գոյություն ունեն բանկեր և բանկային հաշվեհամարներ, փոխանցեք դրանք արտասահմանյան բժշկական հաստատություններին, եթե Հայաստանում համապատասխան բուժում կամ վիրահատության համար պայմաններ և մասնագետներ չկան: Բայց ոչ… ավելի լավ է պարապ մնալով ամբողջ ցանցը ողողել աստղերի ստահոդ պատմություններով, որոնց անմիջապես հաջորդում է աստղերի ժխտումը այս կամ այն լուրի վերաբերյալ, կամ անվերջ քննարկել Հայաստան ներմուծված չինական կամ կորեական արհեստական կուսաթաղանթների մասին, քան հիշեցնել կառավարությանը, որ նրա առջև ծառացած են մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Դուք բարեկարգում եք Երևանը, իսկ մենք ուզում ենք, որ այդ միջոցները հատկացվեն վատառողջ երեխաների բուժմանը, քանի որ նրանք են մեր ապագան կերտողը: Դուք անխղճորեն բարձրացնում եք ուսանողների ուսման վարձը` կրճատումներ անելով, աշխատավարձը ցածրացնելով կամ նույնը պահպանելով, կրթության համապատասխան որակ չապահովելով: Հայաստանում ընդամենը 200 ուսանող են կարողանում լուծել իրենց վարձի հարցը, իսկ մնացածը ուղղակի ստիպված են հայթհայթել այն:

Հիմնախնդիրները շատ են, որոնք հորդառատ անձրևի պես թափվում են, պարզապես կարելի է տարանջատել կարևորն անկարևորից և հերթով լուծել ծառացած կարևորագույն խնդիրները….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել