Panarmenian.net-ը գրում է.
Երկու նախագահների հանդիպումը ոչինչ չտվեց և չէր էլ կարող տալ: Դա միջոցառում էր արձանագրության համար, որը թույլ է տալիս միջնորդներին հերթական նշումն անել ու ցույց տալ, որ Մինսկի խումբը գոյություն ունի ու գործում է: Այդ մասինPanARMENIAN.Net ին է հայտարարել ռուս քաղաքագետԱլեքսանդր Սկակովը: «Ոչ Հայաստանը (որն, ի դեպ, վերջերս հավանաբար որոշակի երաշխիքներ ստացավ Ռուսաստանից Մաքսային միությանն անդամակցելու մտադրության հետ կապված), ոչ իր ուժերին վստահ Ադրբեջանը, որն առանց «գունավոր» ցնցումների անցավ նախագահական ընտրությունների միջով, փոխադարձ զիջումների կարիք ամենևին չեն տեսնում, նրանց բոլորին ստատուս կվոն հիմա բավարարում է: Ոչ մեկի համար այժմ Ղարաբաղը գերակայությունների թվում չէ: Ուստի նախագահների հանդիպումից ինչ-որ բեկում ակնկալելու ոչ մի հիմք չկար»,-ասել է Սկակովը:
Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը, առանձնազրույցը: Ավելի ուշ նախագահներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախագահները պայմանավորվել են հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հաջորդ քայլ համանախագահները կազմակերպում են նախարարների աշխատանքային հանդիպումներ ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել մինչև տարեվերջ: