Մռայլ աշնանը գույներ հաղորդելու համար բավարար է գնալ կոսմետիկայի մոտակա խանութ և ընտրել վառ գույնի շրթներկ:
Նարնջագույն
Արդեն որերորդ սեզոնն է, ինչ նարնջագույնը չի զիջում իր դիրքները, ուստի բազմաթիվ բրենդներ իրենց հավաքածուներում կրկին ընդգրկել են այս երանգը:
Ինչո՞ւ նարնջագույն: Այս երանգի լավագույն հատկություններից մեկն այն է, որ նարնջագույնը սազում է գրեթե ցանկացած մաշկի գույնի հետ:
Հիմնական կանոնը, որին պետք է հետևել նարնջագույն շրթներկ ընտրելիս, հետևյալն է` որքան բաց է մաշկի գույնը, այնքան մուգ պետք է լինի շրթներկի երանգը: Եթե շրթներկը շատ վառ գույնի է, ապա մնացած դիմահարդարումը պետք է լինի զուսպ նյուդային երանգների մեջ, որպեսզի այն չափից դուրս ծանրաբեռնված չլինի:
Վարդագույն
Շատ քչերն են համարձակվում ընտրել վառ նեոնային վարդագույն երանգի շրթներկ, բայց արժե: Որպեսզի շրթներկն ամուր նստի շրթունքներին, խորհուրդ է տրվում առաջին շերտը չորացնել անձեռոցիկով, այնուհետև քսել շրթներկի երկրորդ շերտը:
Փորձեք այս երանգը, և դուք կզարմանաք, թե այն ինչպես թարմություն կհաղորդի ձեր կերպարին:
Գինեգույն
Արդեն երկրորդ սեզոնն է, որ այս երանգը չի զիջում իր դիրքերը: Լինելով անցյալ աշնան բացարձակ ֆավորիտը` գինեգույնն այս աշնանը կրկին նորաձև է:
Գինեգույնի երանգները դժվար է կրել, քանի որ իրենց բնույթով դրանք բավականին գոթական ու մռայլ են, բայց, ինչ խոսք, շքեղ տեսք են հաղորդում:
Նարդոսագույն
Չնայած աշնանային շրթներկերի մեջ գերակշռում են մուգ երանգները, կարելի է փորձել նաև ինչ-որ միջին բան, ինչպիսին է նարդոսագույնը:
Ճիշտ է, նարդոսագույնն այդքան էլ շատ սիրահարներ չունի, բայց երբեմն ցանկություն է առաջանում ինչ-որ ավելի վառ բան փորձարկելու:
Կարմիր
Երբեք չի կարելի թերագնահատել ճիշտ կարմիր շրթներկի ուժը. չէ՞ որ նրբագեղություն և սեքսուալություն է հաղորդում ցանկացած կնոջ: Բազմաթիվ կանայք պնդում են, որ իրենց չի սազում կարմիր շրթներկը, բայց դա այդպես չէ: Դուք կարող եք չհամարձակվել վառ կարմիր գույնի շրթներկ ընտրել, բայց երանգի ճիշտ ընտրության դեպքում դուք պարզապես կշողաք: