1in.am-ը գրում է.
Դերասան Վարդան Պետրոսյանի բուժզննման արդյունքներն արդեն հայտնի են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դերասանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը, նշեց, որ Պետրոսյանը դեռ որոշ ժամանակ կմնա հիվանդանոցում: Նա ունի լուրջ գանգատներ՝ կապված սրտի հետ, ուստի համապատասխան բուժումը կստանա հիվանդանոցում: Թե մոտավորապես ինչքան կտևի բուժումը՝ փաստաբանը դժվարացավ նշել, միայն ասաց, որ լուրջ խնդիրներ ունի, որոնց պատճառը գուցե դատական նիստի ժամանակ նրա սթրեսային վիճակն էր:
«Մենք բոլոր դեպքերում դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանին՝ արձանագրելու, որ չի կարելի մարդուն, ով գտնվում է ստացիոնար բուժման մեջ, մասնակից դարձնել դատավարությանը: Դատարանը կարող էր լիարժեք գործը քննել և որոշում կայացնել որպես խափանման միջոց ընտրելու կալանքը, ու Վարդան Պետրոսյանը հիվանդանոցից ուղղակի տեղափոխվեր Դատապարտյալների հիվանդանոց, բայց այդ վիճակում մարդուն ներգրավել դատավարական գործողություններին, անօրինական ենք համարում: Դա Եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտում է, այդ պատճառով էլ դիմել ենք ՄԻՊ-ին, որպեսզի ինքն այդ փաստը ևս արձանագրի»,- ասաց նա:
Բաղդասարյանը նշեց, որ այս պահին ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավել են նաև ՃՏՊ քննչական բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանին:
Փաստաբանի փոխանցմամբ՝ Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ բացարկ է հայտնել քննչական խմբի ղեկավարին՝ բացատրելով, որ իրականում լրատվամիջոցներին փոխանցված տեղեկությունը, թե Վարդան Պետրոսյանը ներողություն է խնդրել քննիչից, իրականությանը չի համապատասխանում, հակառակը՝ Վարդան Պետրոսյանը հայտնել է, որ տարբեր դերասաններ կան, թվել է հանրաճանաչ դերասանների անուններ, հարցրել. «Իրենք է՞լ են «դեռասան» քեզ համար», քննիչն ասել է՝ այո: Վարդան Պետրոսյանն ուղղակի նրան խորհուրդ է տվել իր բառապաշարից հանել «դեռասան» բառն ընդհանրապես: Նա նաև հարցրել է քննիչին՝ «Ես երբևիցե քեզնից ներողություն խնդրե՞լ եմ», ինչին ոչ մի պատասխան չի եղել, որով ուղղակի ապացուցվեց, որ դերասանը ներողություն չի խնդրել, իսկ քննիչը լրատվամիջոցներով իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածել:
Վարդան Պետրոսյանը նշել է, որ չի տա որևէ ցուցմունք և չի մասնակցի որևէ քննչական գործողության, եթե իր արժանապատվությունը վիրավորած այդ քննիչը ներգրավված է լինելու դրանում:
Ի պաշտպանություն դերասանի՝ կազմակերպվել է ստորագրահավաք, ստորագրությունների մի մասը հանձնվել է Գլխավոր դատախազություն, մյուս մասը, որ տրամադրվել է փաստաբանին, 8 հազարից ավելի է: Դրանք վաղը դատական նիստի ժամանակ կներկայացվեն Վերաքննիչ դատարանում: