Արշակը շատ էր սիրում Փառանձեմին, բայց Փառանձեմը նրան չէր սիրում։ 
Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան կինը ատում էր նրան։ Փառանձեմը չէր սիրում Արշակին նրա մարմնի թավամազության և թուխ մաշկ ունենալու պատճառով։ Տեսնելով, որ կնոջ սիրտը իրեն չի կպչում, Արշակը խնամախոս է ուղարկում Հունաց աշխարհը և այնտեղից կայսերական տոհմից Ոլոմպիադա անունով մի գեղեցիկ կին է բերում, հետը ամուսնանում և դարձնում իր երկրորդ կինը։ Արշակը ուժգին սիրով սիրում է Ոլոմպիադային և դրանով իսկ գրգռում Փառանձեմի նախանձը։ Փառանձեմը խանդից ոխակալվում է Ոլոմպիադայի դեմ և միջոցներ է փնտրում նրան մեջտեղից վերացնելու։ 
Շուտով Փառանձեմը պառկում, տղա է բերում, անունը դնում Պապ։ Պապը մեծանում, դառնում է շատ առույգ ու ուշիմ պատանի։ Արշակը նրան պատանդ է ուղարկում Հունաստան՝ կայսրի մոտ։ 
Պապի ծնունդն ավելի է գրգռում Փառանձեմի ոխն ու խանդը, և նա ամեն կերպ փորձում է թունավորել գեղեցիկ Ոլոմպիադային։ Բայց Ոլոմպիադան, զգալով նրա նախանձը, շատ զգույշ էր իր ուտելիքի և ըմպելիքի նկատմամբ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրները և խմում միայն նրանց մատուցած գինին։ 
Տեսնելով, որ ուրիշ հնար չկա, Փառանձեմը իր խարդավանքին մասնակից է դարձնում արքունի պալատի քահանաներից մեկին, անունը՝ Մրջյունիկ։ Վերջինս Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող սուրբ հաղորդության հացի և գինու մեջ թույն է խառնում և եկեղեցում իբրև սրբազան մասունք մատուցում Ոլոմպիադա թագուհուն։ Թագուհին ճաշակելով թունավորված հաղորդությունը` մահանում է։ 
Փառանձեմը իբրև հատուցում այդ սպանության, Մրջյունիկ քահանային է նվիրում Տարոնի նրա հայրենի Գոմկունք գյուղը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել