![]() |
|
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Մի տեղ կարդացել եմ, որ ճապոնացի որոշ գործարարներ ֆիրմաների բակում տեղադրում են իրենց ռետինե արձանները և կողքը դնում հարվածի գործիքներ: Ֆիրմայի այն աշխատակիցները, որոնք դժգոհ են տնօրինությունից կամ նեղացած, մահակով սկսում են խփել արձանին այնքան ժամանակ, մինչև հանգստանան, լիցքաթափվեն…Այնուհետև վերադառնում և շարունակում են իրենց աշխատանքը:
Իմ կարծիքով «ՖԲ»-ը, մյուս սոցիալական ցանցերը, համացանցի կայքերն էլ կարծես նման մի բան են, որոնք ստեղծվել են հասարակության «փուքսը» թողելու, իրական պայքարը վիրտուալ դաշտ տեղափոխելու, հասարակության դժգոհ շերտին այդ կերպ հանգստացնելու, լիցքաթափելու համար…
Շատերն ակտիվորեն, ջերմեռանդորեն վիրտուալ ձևով մասնակցելով «ՖԲ»-յան կյանքին, իրական կյանքում` այդ նույն հարցերի հետ կապված, մեծամասամբ ընդունում են պասիվ, կրավորական կեցվածք:
Առավոտյան խանդավառված` խոհանոցա-կենցաղային, սրճախառն «Բարի լույս»-երով, այնուհետև բուռն, մարտական, հաճախ չճշտված, նաև ստահոդ, ինչու չէ, ուղղորդված տեղեկությունների հիման վրա ընդունած հապճեպ, սխալ, կատաղած, երբեմն նաև լուրջ քննարկումներ, մեկնաբանություններ` լիցքաթափում…Դե երեկոյան, կեսգիշերին «հոգնած» բարի գիշեր, հաճախ համեմված հաճելի երաժշտությամբ և բարեմաղթանքներով…
Բայց, այնուամենայնիվ, սոցիալական ցանցերը անում են այն, ինչ պետք է անեն: Գամում են էկրանին, ստեղծում հասարակական կարծիք, մեծամասնությանը հաճախ ուղղորդում, բայց միևնույն ժամանակ մարդկանց պարգևում բարեկամություն, ընկերություն, բազմակարծություն, տեղեկատվություն, որոշ դեպքերում ճաշակի ձևավորում, գիտելիքներ, իհարկե նաև ուսուցանում, դաստիարակում, կազմավորում ակտիվ քաղաքացիական պայքարի խմբեր…
Մի խոսքով, շատերը գրեթե մեծամասնությունը, նախընտրում են վիրտուալ պայքարը, քան թե հրապարակներն ու փողոցները…Բայց գուցե հենց դա՞ է սոցիալական ցանցերի ստեղծման պատճառը...Գուցե…
Եթե դա էլի չի եղել, ապա ուզես, թե չուզես, նրանք դարձել են այդպիսին…




