1in.am-ը գրում է.

Ժնևում մեկնարկում է միջազգային միջնորդների «վեցյակի» ու Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունների հերթական ռաունդը: Ստորագրման պատրաստվող փաստաթղթի բովանդակությունը համարվում է գաղտնի:

Ինչպես նշում են բանակցային գործընթացի մասնակիցները, բանակցությունների այս փուլի հետ կապվում են մեծ հույսեր, և ակնկալվում է ստորագրել փոխզիջումային համաձայնագիր: Այս մասին փոխանցում է Interfax-ը:

«Վեցյակի» մեջ են մտնում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան: «Վեցյակի» աշխատանքները համակարգում է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Բանակցությունների իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը: 

Իրանի նախագահ Հասան Ռուհանին անցած երկուշաբթի «վեցյակին» կոչ էր արել զերծ մնալ Թեհրանի դեմ բանակցությունների հերթական ռաունդի ընթացքում չափից ավելի պահանջների առաջադրումից: 

Իր հերթին արտգործնախարար Զարիֆը հայտարարել էր, որ Իրանը երբեք չի հրաժարվի ուրանի հարստացումից և դուրս կգա բանակցային գործընթացից, եթե ԱՄՆ-ը խստացնի պատժամիջոցները:

Բանակցությունների նախորդ ռաունդում պայմանավորվածությունների ձեռք բերմանը խոչընդոտել էր Ֆրանսիայի կոշտ դիրքորոշումը: Երկիրը «ժամանակավոր համաձայնագրի» ստորագրման համար առաջ է քաշում 4 պայման՝ Իրանի ունեցած բոլոր միջուկային օբյեկտները պետք է անհապաղ փոխանցվեն միջազգային վերահսկողությանը, պետք է դադարեցվի մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը, պետք է կրճատվեն առկա պաշարները և Արաք քաղաքում պետք է դադարեցվի միջուկային կենտրոնի կառուցումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել