1in.am-ը գրում է.
Հայաստանում ներդրված պրոբացիոն ծառայության արդյունքներն արդարադատության նախարարությանը գոհացրել են: Այսօր՝ ՀՀ-ում քրեական արդարադատության բարեփոխումների հզորացում, անչափահաս իրավախախտների հետ պրոբացիոն աշխատանքների պիլոտային մոդելի փորձարկում ծրագրի փակմանը այս մասին նշեց արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը:
Նրա խոսքով՝ արդարադատության նախարարությունը ծրագրի իրականացման մեջ շահագրգիռ էր, քանի որ դա իրականում պետք է լիներ այն փորձը, այն փորձնական աշխատանքները, որոնց արդյունքները պիտի օգտագործվեին: Իրականացված աշխատանքներն, ըստ Առուստամյանի, պարտադիր բնույթ չեն կրել, կատարվել են կամավորության սկզբունքներով, այդ դժվարություններով հանդերձ՝ դրանք հաջողվել են:
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը նշեց, որ իրենք փորձել են պրոբացիոն ծառայության համագործակցության մոդելի հիման վրա ստեղծել իրենց տարբերակը, իրականացնել սոցիալական-հոգեբանական այն աշխատանքները, որոնք նախապատրաստում են անձի ազատումը:
Ծրագրի իրականացման ժամանակ աշխատանքներ են տարվել նաև մի շարք գերատեսչությունների հետ. դիմել են կրթության նախարարությանը, որպեսզի կրթություն ստանալու հնարավորություն տան ուսանելու ցանկություն ունեցող երեխաներին, դիմել են մշակույթի նախարարությանը, որպեսզի աջակցեն արհեստով զբաղվել ցանկացողներին, իսկ այդպիսիք շատ են:
Ծրագրի շրջանակներում նաև եղել են տնայցեր, ինչն, ըստ Գասպարյանի, բավական դժվար էր: Կազմակերպվել են պարբերաբար ծնողական ժողովներ, և պարզվել է, որ խնդիրներն ավելի շատ ծնողների հետ էին, քան երեխաների:
«Մենք փորձել ենք անել ենթադրյալ պատվիրակված ծառայություն, բայց անձնակազմի կրթական ցենզի, թվաքանակի առումով այն գուցե կարող է դառնալ պրոբացիոն ծառայության այն ստորաբաժանումը, որ կարող է գործել հենց որպես պետական պրոբացիոն ծառայություն»,- ասաց նա:
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի և «Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստան»-ի աջակցությամբ և նպատակ ունի աջակցել Հայաստանում իրականացվող քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներին, հատկապես՝ մեր երկրում պրոբացիայի պետական ծառայության ներդրմանը՝ անչափահասների պրոբացիայի կազմակերպման պիլոտային մոդելի իրականացմամբ:
Ծրագրի պատասխանատուները նշում են, որ դեռևս ֆինանսական և այլ խնդիրների պատճառով սոցիալական, հոգեբանական, իրավական խորհրդատվական և վերականգնողական բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել միայն Աբովյան ՔԿՀ-ում պատիժ կրող և այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումներում փորձաշրջան անցնող ընդհանուր առմամբ 38 անչափահաս դատապարտյալների և նրանց ընտանիքի անդամների հետ:
Ծրագրի ընթացքում ստեղծվել է տվյալների բազա, որը հնարավորություն է տալիս իրականացնել ինչպես քանակական, այնպես էլ որակական վերլուծություններ՝ ըստ սեռի, տարիքի, հոդվածի, պատժաչափի, ընտանեկան դրության, կրթական մակարդակի, մասնագիտական հմտությունների, անձնային հոգեբանական առանձնահատկությունների և այլն: