Panarmenian.net-ը գրում է.
Հայաստանի կառավարությունը մտադիր է հանրապետության բնակիչներին տևական ամանորյա արձակուրդներ նվիրել: Մասնավորապես, ըստ որոշման նախագծի, որը ներառվել է կառավարության նիստի օրակարգում, դեկտեմբերի 30-ի փոխարեն աշխատանքային կլինի դեկտեմբերի 28-ը, որը շաբաթ է:
Այսպիսով, տոները կտևեն 10 օր, աշխատանքային կլինի 2014 թվականի հունվարի 8-ը:
Բացի այդ, ըստ որոշման նախագծի, հունվարի 27-ի երկուշաբթվա աշխատանքային օրը կտեղափոխվի շաբաթ՝ փետրվարի 1-ին: Հաշվի առնելով,որ հունվարի 28-ին Հայաստանում ոչ աշխատանքային օր է, քանի որ նշում ենք Բանակի օրը, հայաստանցիները կհանգստանան երեք օր՝ հունվարի 26-28-ը ներառյալ, հայտնում է «Նովոստի Արմենիան»:
Բացի այդ, առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է նաև որոշման նախագիծ, որի համաձայն 2014 թվականին, ինչպես և նախորդ օրերին բոլոր տաղավար տոներին հաջորդող՝ հանգուցյալների հիշատակի օրերը (մեռելոցները) կլինեն ոչ աշխատանքային:
2014 թվականի հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ը, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել են 2014 թվականի փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը:
Տերունական տոներից 5-ը կոչվում են Տաղավար տոներ, այսինքն՝ առանձնացված են որպես ամենից կարևոր տոներ: Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը հանգուցյալների հիշատակության օրեր են: Ըստ Հայ առաքելական եկեղեցու կարգի՝ տաղավար տոնին, որը միշտ կիրակի օրերին է նշվում, հաջորդող երկուշաբթին Մեռելոց է:Մեռելոցի օրերին առավոտյան հայաստանյան եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ գերեզմաններ են գնում` աղոթելու իրենց ննջեցյալ հարազատների հոգիների փրկության համար: