Artak AleksanyanՀմայակ Հովհաննիսյանը վերջերս մի միտք ասաց, որ չնայած այդ պահին քմծիծաղ առաջացրեց, բայց մասամբ դիպուկ էր: Մանդատից հրաժարված թախծոտ հայացքով ու իներցիայի ուժով դեռ ժիր քաղաքագետը նկատեց, որ Հայաստանից արտագաղթում են, որովհետև այստեղ “ձանձրալի է”:

Իրականում Հմայակը մոտ է ճշմարտությանը: Մեզ մոտ ամեն ինչ եթե ձանձրալի չէ, ապա գոնե մակերեսին է, բոլորին տեսանելի:

Ով ճանապարհորդել է, գիտի. մենք երկրները սիրում ենք, քաղաքները հիշում ենք, որովհետև յուրաքանչուրս ունենք մի փոքրիկ անկյուն, փոքրիկ փողոց, հյուրանոց, թեյարան, համեղ բուտերբրոդի տեղ, թանգարան, փաբ, որ հայտնաբերել ենք ինքներս: Այդ տեղը իրենից անկախ դառնում է մեր ճանապահորդության գլխավոր հիշողությունը ու նաև պատճառը, որ նորից վերադառնանք այդ փողոց, քաղաք, երկիր:

Այդ իմաստով Երևանում ուղղակի ձանձրալի է: Ամեն ինչի մասին բոլորը տեղյակ են: Չկա մի վայր, որի մասին լսած չլինես ու միամիտ հայտնաբերես, չկա մի հաստատություն, որ եթե նույնիսկ լավն է, բայց անծանոթ է քեզ համար: Ավելին` բոլորը տեղյակ են բոլոր նորույթներից ու նոր թրենդներից: Ես տեղյակ չեմ, թե ինչ է ԹՈՒՄՈ-ն, բայց անկեղծ ասած, էնքան են այդ մասին խոսել, որ վաու, շատ լավն է, մա-կար-դակ, ու այդ զրույցները էնքան զանգվածային են, որ մարդ զահլա էլ չի անում գնա, տեսնի: Քաղաքի մի կեսը եղել է, մյուսը կեսն էլ պատրաստվում է:

Երևանում դժվար է ուղղակի քայլել ու միամիտ տեսնել նոր թանգարան, և ուղղակի մտնել: Որովհետև մինչև դու կհայտնաբերեիր, այդ թանգարան կայցելեն բոլոր հնարավոր պաշտոնյաները, այդ մասին լուրերով կլինի բոլոր հնարավոր ռեպորտաժներն ու հոդվածները:

Երևանում դժվար է հայտնաբերել անհայտ լավ երաժշտական խումբ կամ երգիչ: Որովհետև աչքդ թարթեցիր` արդեն մրցանակ են տվել, մի հատ էլ թարթեցիր` արդեն լայթսոտ ռաբիզ է երգում, ու այնպիսի հայացքով, կարծես` վայ, էս ինչ “դձիկի” ոճ է:

Երևանում դու չես սպասում որևէ իրադարձության. Չգիտեմ, Մաշինայի վրեմենայից մինչև Նորա Զոնսի համերգին: Չի գալիս այնպիսի մի երգիչ, որին կուզենայիր սպասել: Միայն չասեք Անդրեա Բոչելիի….դրան Չսպասելու հակափաստարկները էնքան շատ են, որ հավես չկա էդքան գրելու:

Երևանը երևանցիների համար դարձել է դեժա-վյու` երբ բոլորը բոլորին գիտեն, գիտեն ինչ է եղել և ինչ է լինելու, որտեղ նորարար մտածողությունից մինչև ավանգարդ արվեստ որակվում է “կտցրած” ձևակերպմամբ ու որի բնակիչները չեն ամաչում իրենց զանգվածային վատ ճաշակից:

Եվ երբ ապրում ես День сурка-յում, ապա հայտնաբերում ես, որ քո լավագույն նորույթը դու ես` քո ֆիլմերով ու գրքերով, քո կենցաղով ու խնդիրներով:  Ու այնպես չէ, որ նույնիսկ այստեղ դու “նորարար” ես: Պարզվում է, որ շատերն են այդպիսին` ինքնամեկուսացած, փակված: Էս առիթով չէր, բայց այյստեղ սազում է. Խզմալյան Տիգրանը նկատել էր, որ Երևանը` միայնակների քաղաք է, երբ կան լիքը լավ մարդիկ, բայց առանձին-առանձին: Ու երբ արդեն միայնությունը անտանելի ցավոտ է դառնում, հենց այդ ժամանակ էլ մարդիկ դուրս են գալիս փողոց, բայց ոչ երևանյան, այլ իսկական, անակնկալներով ու նորույթներով ու հայտնաբերվելու տեղ ունեցող փողոց: Իսկ այդպիսիք ցավոք Հայաստանում չեն: Ու մարդիկ հեռանում են դեպի ոչ թե օտար ամայի ափեր, այլ լի ու կենդանի փողոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել