Հայաստանի ինտեգրացիոն պրոցեսների, և, մասնավորապես, սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ հայտարարությունից հետո, ի տարբերություն ԵՄ կառույցների և Եվրոպական երկրների պաշտոնական ներկայացուցիչների ակտիվ մեկնաբանությունների, պաշտոնական Վաշինգթոնը, հիմնականում, զերծ էր մնում կտրուկ հայտարարություններից: Նկատելի էր, որ ամերիկյան կողմը, լավագույնս գիտակցելով ստեղծված իրավիճակի նրբությունը՝ իր մեկնաբանություններում առաջնորդվում էր դիվանագիտական նրբանկատությամբ:

Նախորդ շաբաթվա ընթացքում, Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ մեկնաբանություններով նախ հանդես եկավ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը, ով հայտարարեց, որ «հաշվի առնելով աշխարհագրական, քաղաքական ընտրության, տնտեսական և պատմական տարբեր պատճառներ, որոնք երկար ժամանակ տնտեսական և անվտանգային հարթություններում Հայաստանին կապակցված են պահում Ռուսաստանի հետ»։
Վերջինս նաև նշել է, որ հայաստանցիները դժվարին որոշում են կայացրել, ինչը խոչընդոտող հանգամանք չի լինելու ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման հարցում:

Նույն օրերին, «168ժամ» թերթին տված հարցազրույցում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը ևս, անդրադառնալով նույն թեմային, նշեց, թե «ՀՀ-ն հետ չի կանգնել եվրոպական ուղուց և Եվրոպան նույնպես չի հրաժարվել ՀՀ-ի հետ համագործակցությունից», ավելացնելով, որ «ԱՄՆ-ն իր կողմից ամեն ինչ կանի, որպեսզի ՄՄ-ն անդամակցելու որոշումը բացասական ազդեցություն չունենա այն ամենի վրա, ինչը մենք ՀՀ-ում անում ենք»:

Հասկանալի է, որ ԱՄՆ դեսպանի և ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի հայտարարությունների հաջորդականությունը զուտ պատահականության կամ համընկնելու արդյունք չէի և ԱՄՆ, սեպտեմբերի 3-ի հայտարարությունից մոտ 2.5 ամիս հետո առավել հստակեցնում է իր մոտեցումները Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության և մեր երկրի հետ համագործակցության հետագա խորացման վերաբերյալ:
Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, նախորդ շաբաթվա կառավարության նիստի մեկնարկին, ՀՀ վարչապետը ասաց, որ «Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերը» և տեղեկացրեց, որ պատրաստվում են կրկին դիմել հիմնադրամին՝ նրա ծրագրերից օգտվելու նպակակով: Որքան էլ վարչապետը որպես դիմելու հիմք ներկայացներ մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած դրական տեղաշարժը, հասկանալի է, որ հիմնադրամը ֆինանսավորում կատարելիս առաջնորդվում է քաղաքական դրդապատճառներով:
Միացյալ նահանգների տեսանկյունից, իհարկե, առավել նպատակահարմար կլիներ Հայաստանի ՝ ԵՄ ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտում մասին համաձայնագրի ստորագրումը, միաժամանակ, ԱՄՆ ներկայացուցիչների հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ չնայած Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, ԱՄՆ-ն ըմբռնում է մոտենում Հայաստանի որոշմանը:
Վիկտորիա Նուլանդի այն հայտարարությունը, թե «խոսելով Հայաստանի կառավարության հետ, Միացյալ Նահանգները եկել են այն եզրակացության, որ կայացված որոշումը «շատ դժվարին է եղել Հայաստանի համար», հաշվի առնելով, որ երկիրը Ռուսաստանի հետ շատ առումներով մնում է շաղկապված», նշանակում է, որ ամեն դեպքում Հայաստանի որոշումը ընկալելի է ԱՄՆ-ի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել