1in.am-ը գրում է.

Հարավաֆրիկյան Յոհաննեսբուրգ քաղաքում անցկացվել է դոպինգի դեմ պայքարի համաշխարհային վեհաժողովը, որը տեղի է ունենում յոթնամյա ընդմիջումներով: Միջոցառմանը մասնակցած 174 երկրների 917 մասնակիցների թվում էր ՀԱՕԿ-ի հակադոպինգային բաժնի գլխավոր մասնագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանը:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցել և ելույթ է ունեցել ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

Երևան վերադարձած Արեգ Հովհաննիսյանը զրույցի ժամանակ նշել է, որ բնագավառում նոր զարգացող երկրներից Յունեսկոն լավագույնն է ճանաչել Հայաստանին: Պատահական չէ , որ այդ կազմակերպության հրատարակած տեղեկատվական թերթիկում մեծ տեղ է հատկացվել Հայաստանին:

Ավելին, լավ աշխատանքի արդյունքում «Սոչի-2014»-ի դոպինգ սպաների շարքում կլինեն հայաստանցի մասնագետներ Անժելա Սահակյանը, Դավիթ Մոսինյանը և Խորեն Մանուկյանը: 

Դոպինգի դեմ պայքարում աշխարհում լավագույնը Ճապոնիան է: Վերջին 10 տարում այդ երկրի ոչ մի մարզիկ միջազգային մրցումներում չի որակազրկվել: Տեղերում վատ չեն աշխատում նաև Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի մասնագետները, որոնք միայն անցյալ տարի իրենց մարզիկներից որակազրկել են համապասխանաբար 1000, 500 և 430 հոգու:

Ընդհանրապես, համաժողովի արդյունքում կատարվել է կանոնադրական 18 փոփոխություն:
Վեհաժողովի վերջին հարցը ՎԱԴԱ-ի նախագահի ընրությունն է եղել: Ավստրալացի 68-ամյա Ջոն Ֆեյխին փոխարինել է ՄՕԿ-ի փոխնախագահ, բրիտանացի 72-ամյա Կրեյգ Ռիդը: Վերջինս, ի դեպ, միակ թեկնածուն է եղել և ընտրվել է միաձայն: 

Հավելենք, որ Ռիդը կսկսի պաշտոնավարել 2014 թ. հունվարի 1-ից: Արժե նշել, որ առաջիկա դեկտեմբերի 20-ին Թբիլիսիում կսկսվի ՎԱԴԱ-ի միջազգային կոնֆերանս, որի աշխատանքներին մասնակցելու հրավեր է ստացել և զեկուցումով հանդես կգա նաև երևանցի Արեգ Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել