Այս անունները հաճախ են հնչում մեր ականջին։ Ամեն օր տրամվայ նստելիս, կամ հաջորդ տրամվային սպասելիս լսում ենք «Տրամվայը գնում է «Առաջին մաս» կամ թե «Առաջին մասով՝ Երրորդ մաս»։
Հարց է առաջ գալիս, թե որտեղի՞ց են գալիս այդ անունները, ինչո՞ւ չկա «Երկրորդ մաս», կամ գուցե եղել է նաև «Չորրորդ մաս»։
Այո, իրականում եղել են «չորս մասերն» էլ, բայց մնացել են միայն երկուսը՝ «Առաջին մաս» և «Երրորդ մաս» անունները։
Նախ ասենք, որ այդ անունների առաջացումը անմիջապես կապված է քաղաքում ծավալվող շինարարական տեղամասերի շահագործման հերթականոնթյան հետ։
Դա կատարվել է այսպես։ 1932 թվականին, Երևան քաղաքի հարավ–արևմտյան մասում, այլ խոսքով «Կաուչուկ» անունը կրող թաղամասում ծավալվեցին շինարարական մեծ աշխատանքներ։ Այդ աշխատանքները առաջին հերթին կապված էին սինթետիկ կաուչուկի արտադրության ստեղծման հետ։
Երևանում սինթետիկ կաուչուկի գործարան կառուցելու համար ծավալվեցին շինարարական խոշոր աշխատանքներ։ Բնական է այդ նպատակով պետք է կառուցվեին նաև բնակելի և օժանդակ շենքեր։
Այստեղից էլ հերթականությամբ ստեղծվեցին շինարարական տեղամասեր՝ «Առաջին մաս», «Երկրորդ մաս», «Երրորդ մաս» և վերջապես «Չորրոդ մաս» անուններով։
Շինարարությունը ավելի շատ ծավալվեց «Առաջին» և «Երկրորդ մասերում»։ Եվ քանի որ «Առաջին մասում» (շինարարական տեղամասում) կաուչուկե գործարանն էր կառուցվում, իսկ «Երրորդ մասում» ծավալվել էր բնակելի շենքերի շինարարությունը, այդ պատճառով քաղաքի թաղամասերի շարքում հավերժացան և պատմական անուններ դարձան «Առաջին մաս» և «Երրորդ մաս» անվանումները։
«Երկրորդ մասում» գնում էր Խրոմպիկի գործարանի շինարարությունը։ Ինչ վերաբերում է «Չորրորդ մասին», ապա դա փաստորեն «Առաջին մասի» շարունակությունն էր, ուր գտնվում էին օժանդակ շենքեր։
Հետագայում տեխնոլոգիան փոխվելու հետևանքով, Խրոմպիկի գործարանը անջատվեց և «Երկրորդ մաս» անունն էլ դուրս եկավ գործածությունից։ Իսկ «Չորրորդ մասը», որը «Առաջին մասի» շարունակությունն էր՝ ժամանակի ընթացքում ձուլվեց նրա հետ։