1in.am-ը գրում է.
Լիբիան վերսկսել է գազի մատակարարումն Իտալիա «Կանաչ հոսք» գազատարով, որն անցնում է Միջերկրական ծովի հատակով: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է Լիբիայի Ազգային նավթային կորպորացիայի ղեկավարությունը:
«Մենք սկսել ենք գազ մղել Իտալիա ոչ մեծ խմբաքանակներով: Երբ մագիստրալում ճնշումը մեծանա, մենք կմատակարարենք պայմանագրով հաստատված ծավալները»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Իտալիան պայմանագրով նախատեսված գազի օրական ծավալները կսկսի ստանալ նոյեմբերի 18-ի երեկոյան:
Լիբիայից Իտալիա գազի մատակարարումը դադարեցվել էր աֆրիկյան երկրի կառավարության և բերբերների առաջնորդների միջև տարաձայնությունների պատճառով: Վերջիններս պահանջում են ընդլայնել իրենց քաղաքական իրավունքները: Միևնույն ժամանակ բերբերները Մելիտում գրավել էին գազային տերմինալի մի շարք արտադրական օբյեկտներ, ինչի պատճառով դադարեցվել էր «Կանաչ հոսք»-ով գազի արտահանումը: