1in.am-ը գրում է.
Սյունիքի մարզում գտնվող հայտնի աստղադիտարանի` Քարահունջի ավանման, ֆունկցիոնալության և տարիքի շուրջ կարծիքները խիստ բազմազան են: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց մաթեմատիկոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Վաչագան Վահրադյանը` հավելելով, որ իր եզրահանգմամբ և ճիշտ թարգմանությամբ՝ համալիրի անվանումը պետք է հնչի Քարախումբ, Քարահունջ կամ Քարափունջ:
«Համալիրի առաջին անվանումը Ղոշուն դաշ է`թուրքացված: Սակայն թարգմանությունը սխալ է`թուրքերենով «ղոշուն» թարգմանաբար նշանակում է «շարք»: Թե ինչու է «շարք»-ը դարձել «Զորաց», ոչ ոք չգիտի: Ոմանք պնդում են, որ այդ քարերի տակ թուրք զինվորներ են թաղված, սակայն այս վարկածն առաջ տանելով` մենք թուրքերի ջրաղացին ջուր ենք լցնում: Համոզված եմ` ոմն մեկը շատ է շահագրգռված, որ հայկական համալիրի հայերեն անվանումը մոռացության մատնվի:
Կասկած է հարուցում նաև այն, որ «դաշ»` քար բառը եզակի թվով է գործածված: Եթե խոսք լիներ հոգնակի թվով քարերի մասին, ապա թուրքերենով այն կհնչեր «դաշլար»: Ընդ որում, արդեն երկու տարի է` պաշտոնական թղթերում համալիրը հենց այսպես է անվանվում: Աստղագետ Էմմա Պարսամյանը ինտուիտիվ մակարդակով համալիրին տվեց Քարահունջ անվանումը` անունը այն նմանեցնելով բրիտանական Սթոունհենջին»,- ասաց մաթեմատիկոսը:
Նրա խոսքով՝ ակադեմիկոս Պարիս Հերունին, արդեն 2000 թվականին, մի քանի արշավախումբ է ուղարկել հնագույն աստղադիտարան: «Որոշ գիտնականներ համալիրին տարբեր ֆունկցիոնալություն են վերագրում. մեկն ասում է, որ Զորաց քարերի անցքերը բացված են պարան գցելու և քաշելու համար, մյուսները պնդում են, որ այն դամբարանադաշտային նշանակություն ունի, գիտնականների երրորդ խումբը պնդում է, որ անցքերը ձիերի պարանները գցելու և նրանց կապելու համար են:Սակայն չկա այս վարկածները հաստատող ոչ մի հիմնավորում»,- ասաց նա:
Վաչագան Վահրադյանի խոսքով՝ Քարահունջի նման, մեկ այլ` ավելի փոքր համալիր ինքը հայտնաբերել է նաև Գորիսի Քարահունջ գյուղից մեկուկես կմ հեռավորության վրա` անտառի ծառերի մեջ: «Սակայն ես դրա կոնկրետ տեղը չեմ հայտնի»,- ասաց նա:
Մաթեմատիկոսի խոսքով՝ Քարահունջի շրջակայքում հայտնաբերված գտածոները 4 հազար տարվա պատմություն ունեն: «Սակայն սխալ է պնդել, որ այդքան է նաև աստղադիտարանի տարիքը: Ճիշտ կլինի ասել, որ եթե համալիրի մոտակայքում նշված տարիքի գտածոներ կան, ապա այն գոյություն է ունեցել 4 հազար տարի առաջ: Պարիս Հերունու կարծիքով՝ Քարահունջը շուրջ 15 հազար տարեկան է, իսկ ահա նրա վրայի անցքերն արված են 7 հազար 5 հարյուր տարի առաջ: Իմ հետհաշվարկներով` աստղադիտարանը պետք է լինի 14 հազար տարեկան»:
Ամփոփելով` Վաչագան Վահրադյանը կասկած հայտնեց, որ Քարահունջի մասին իրողությունները խեղաթյուրելով` որոշ միջազգային ուժեր նպատակ ունեն խեղաթյուրելու հայկական լեռնաշխարհի և հայ ժողովրդի պատմությունը: